գնա, էդ հո տղերքն էլ կբռնվեն... Նա դուրս եկավ ջաղացից ու դռան մոտ կանգնած, չէր իմանում ինչ անի։
Իսկ Կուպրը երգի եղանակը փոխելով ճանապարհ էր ընկել դեպի գյուղ՝ պարելով ու երգելով.
Բերավ բոլշևնիկը,
Բոլշևնիկը վերջ կըտա—
Գեղի մաշեննիկը...
— Է՜յ, Թևանտոս, կանգնի, բան եմ ասում,— լսվեց մի ձայն առվի մյուս ափից։
Կուպրն ընդհատեց պարը։ Ձայն տվողը Միդին էր, որն առուն անցնելով մոտենում էր Կուպրին։ Անտոնը նույն դրությամբ, տեղը մեխված՝ դիտում էր իր առաջ կատարվող տեսարանը։
— Սոլոմոնի գինին շատ ա զորավո՞ր, փորդ ես ածել ու պար բռնել էս չոլի կիսումը, իսկի էս խալխի հալիցն էլ խաբար ունե՞ս, թե՝ հրես տամ կոկոշդ տապակ անեմ,—վրա պրծավ Միդին։
Կուպրն իսկի էլ բանի տեղ չդրեց Միդինի սպառնալիքին, նա շարունակեց իր պարը, երգելով.
Գինին համով—մեղրի ծոր,
Խմեմ, խմեմ, պար անեմ,
Սարսաղ գլխիդ քար անեմ։
Միդին ակամայից ծիծաղեց։ Ապա մեղմաբար դիմեց Կուպրին.
— Ա′, տափը մտած Թևանտոս, մի ասա տենամ, Մեխակ կոմիտեն էլ ա հարսանիքումը...
— Ո՞վ...
— Մեխակ կոմիտե վարժապետը։
— Հա′, բա՜ս, առանց իշի գլուխ հարսանի՞ք...
— Ա′ փուչ, ձենդ կտրի, կիմանան, գլուխդ կսխտորեն, — ծիծաղելով ասաց Միդին, ապա դառնալով դեպի Անտոնը, որը հետզհետե մոտենում էր, ավելացրեց,— Անտոն բիձա, տեսար, ես չէի ասո՞ւմ, թե Մեխակն ու Սոլոմոնն