ըսենց են...— Միդին այս ասելով երկու ձեռքի ցուցամատները կպցրեց իրար, կողք-կողքի։
— Է, բալա ջան,— հոգոց հանելով ասաց Անտոնը,— ղոչաղ է, ղոչաղ։
Կուպրն ընդհատեց նրանց ու դառնալով Միդինին ասաց.
— Շատ ես կարոտել Մեխակ կոմիտեի՞ն, արի տանեմ շանց տամ.
Ինձ հետ արի, պոչի պես,
Սուփրեն հրեն գցած ա,
Կոմիտեն էլ նստած ա։
— Թքել եմ ես նրա հարամ սուփրին, սաղ գիշերը ջանս ցրտում դուրս եկավ,— վրդովված պատասխանեց Միդին։
— Կարացիր ոչ բոլշևնիկ բռնե՞ս,— ծիծաղեց Կուպրը։
— Հա′, փռել են ճամփի վրա, որ ես հավաքեմ։
— Թե շատ դարդ ես անում, ինձ բռնի, հրես նրանց շաղ տված թղթերիցը մինն էլ հազիր ձեռիս ա, ա′ռ կարդա.
Տես, թե գրողն ի՞նչ մարդ ա...
Միդին ագահությամբ վրա թռավ թղթին։
— Ձենով կարդա, ա Միդ ջան, ես էլ իմանամ, ինչ կա գրած,— խնդրեց Անտոնը։
— Հա′, լավ ա ասում, էդ խեղճը աշխարհիցս կտրված, բանից բեխաբար ա, կարդա, թող իմանա,— ժպտաց Կուպրը ու աչքով արավ Անտոնին, որն այլայլվեց։
Միդին բարձր ձայնով կարդաց թռուցիկը, ամեն մի խոսքին յուրահատուկ շեշտ տալով։
— Ա՜խ, ա′ գրող, յարաբ մեռնիլ չեմ, աչքս բաց քեզ կտենա՞մ... էսա գրել, հա՜, էսա իմ սրտի միջիցը խոսում, հա... էսա ջիգյարս քրքրում, հա՜... Բա էս թուղթը կարդացողը, սրա զորութինն իմացողը, սրա գրողին ձեռք կտա, բա ձեռը չորանալ չի դոշիցը կպչի... Էրնակ մի գիդենամ տեղը, գնամ ձեռը պաչեմ, դնեմ ճակատիս... — Ընթերցումը վերջացնելով թախծալի ասաց Միդին։