Այս էջը հաստատված է

— Թե շա՞տ ա սիրտդ ուզում, հենց էս իրիկուն քեզ տանեմ էդ թուղթը գրողներից մեկի կուշտը,— կեսլուրջ, կեսկատակով ասաց Կուպրը։

— Է՛հ, շաշ մեռնես դու, ամեն բան էլ շաշութենի ես տալի, հանաք-մասխարութենի բա՞ն ա, էս գրածին տղա ա պետք, որ դիմանա, սա կռվի բան ա, Սոլոմոնի գինին հո չի՞, որ լակես ու պար գաս...

— Գինին էլ կխմեմ, էդ բանն էլ կանեմ, չէ՛, քեզ պես կգամ ցրտում ղարավուլ կկենամ, շաշը դու ես, դո՛ւ, որ սաղ գիշերը շան պես ցրտիցը կոնգոռնացել ես, առանց հասկանալու, թե ընչի՞, կամ ո՞ւմ համար... Համա ես համ էդ թուղթն եմ կարդացել, համ էլ հարսանիքումը քեֆ արել։ Քեզ բան եմ ասում, թե հաստատ խոսք կտաս, եկ քեզ իմ կուպրի կարասումը բոլշևնիկ մկրտեմ ու էս գիշեր էլ ծանոթացնեմ էդ թուղթը գրող բոլշևնիկի հետ, կգա՞ս,— պնդեց Կուպրը։

— Կգամ, համա թե ասածդ սուտ դուս գա, միսդ շան փայ կշինեմ։

— Բա որ դու կես ճամփիցը ետ դառնա՞ս...

— Էնքան տուր, որ հորս հարսանիքը միտս ընկնի։

— Լավ,— ասաց Կուպրը, ապա դարձավ Անտոնին.

— Անտոն բիձա, դու վկա,

Էս մեր Միդին կա ու կա,
Թե ուրիշն էլ ես ճարեմ,
Սրա փեշից կկարեմ...

Անտոնը բոլորովին խելքը կորցրել էր։ Նա հազիվ գլխով դրական շարժում արավ միայն։

— Դե՛, գնա՛նք, թե ուզում ես քեզ լավ-լավ բաներ պատմեմ մինչև տուն հասնելը, թե չէ հու Ավետիսիդ շա՜տ ես կարոտել, Կուպրը նրա հետ զրից չի անիլ, նա որ կա,–ջուր ա տեսնում՝ ձուկն ա դառնում, ցամաք ա տեսնում՝ գորտ ա դառնում,— ասաց Կուպրն ու առաջ շարժվեց։

— Անտոն բիձա, տեսնո՞ւմ ես, էս շաշին,— զարմանքով ասաց Միդին։

— Շաշ ես ասո՞ւմ, ա՛յ որդի, շաշ չի՛, շաշացնող ա։

— Հը՛... գալի՞ս ես, թե չէ... էդ թուղթն էլ ինձ տու, թե