— Խեր ըլի, ա Միդ ջան, ի՞նչ կա,— դուռը բանալով ներս հրավիրեց Անտոնը Միդինին։
— Խեր ա, ես շառ բանի ման եկող մարդ չեմ, եկել եմ, թե մի քիչ տաքանամ, էսօր Ավետիսին տանը թողեցինք, հիմի ես ու Չատին ենք ղարավուլ քաշում, մինչև կեսգիշեր ես եմ տաքանալու, հետո էլ կգնամ, Չատին կգա,— ասաց Միդին։
— Հա՛, լավ ես արել։ Դե նստի՛, նստի՛, պատմի, թե գեղումն ինչ նոր բան կա։
— Ոչինչ նոր բան չկա, սաղ գեղը հարսանիքիցն ու էն թղթերիցն ա խոսում։ Էդ Կուպրը, մեռածը, մի քանի հատ էլ թղթերիցը սրա–նրա ձեռն ա գցել, հրեն որը ծածուկ, որն աշկարա կարդում են ու պատմում ոնց որ ես եմ տեսնում, սաղ գեղը հեղափոխվել, բոլշևնիկ ա ուզում։
— Քու խելքն ինչ ա կտրում էս բանիցը, քու խելքը,— անհանգիստ հարցրեց Անտոնը։
— Իմ կարճ խելքն էն ա կտրում, որ գործը բոլշևնիկի տարած ա, ու ով որ խելք ունի, թող օր առաջ իր գլխի ճարը տեսնի, ով քյասիբ ա, թող անց կենա նրանց կողմը, ով հարուստ ա, թող կարողութինն ինձ ու քեզ կտակ անի, հոգին սատանին պահ տա,— վճռական տոնով ասաց Միդին, կարծես համոզելու համար Անտոնին, որ ինքն անվերադարձ կերպով որոշել է անցնել բոլշևիկների կողմը։
— Հիմի որ մինը գա ու քեզ ասի, թե արի գնանք բոլշևնիկի մոտ, կգնա՞ս...
— Կգնա՛մ։ Հալա հարցնո՞ւմ էլ ես, հենց կգնամ, որ դբա ետ էլ չեմ մտիկ անիլ։
— Բա տունտե՞ղդ, կնի՞կդ, երեխե՞քդ...
— Տնաշեն, հո չեմ գնում, որ կորչեմ. գնում եմ, որ ետ գամ էդ օձի ճուտերին կոտորեմ, որ վզներիս փաթաթված խեղդում են։
Այդ միջոցին ներս մտավ Արսենը, հագուստը փոխած իսկական գյուղացու շորերով, հագին տրեխներ, գլխին մի մեծ փափախ, ուսին մի խուրջին։ Ջաղացի դուռը բաց էր, և Արսենը գիտեր արդեն, որ ջաղացում Անտոնից զատ, ուրիշ մարդ էլ կա։