Այս էջը հաստատված է

— Բարի իրիկուն ձեզ,— ողջունեց Արսենը, քիչ ձայնը փոխած։

— Բարով, հազար բարի ես եկել, ով որ ես,— պատասխանեց Անտոնը, որն առաջին հայացքից չճանաչեց Արսենին։ —Մոտ արի, խուրջինդ ցած դի, տաքացի, մրսածկըլես։

Արսենը խուրջինը ցած դրեց, ապա մի քննական հայացք գցեց Միդինի վրա ու մոտեցավ կրակին։

— Բեռդ ի՞նչ ա, այ ախպեր,— հարց տվեց Անտոնը։

— Բեռս աղուն ա, այ բերել եմ, որ աղամ, մեր գեղի ջաղացը խարաբ ա, — պատասխանեց Արսենը և շեշտակի նայեց Անտոնին, որը նոր ճանաչեց խոսողին։

Անտոնը թեև քիչ շփոթվեց, բայց ինքն իրեն հավաքելով, ժպտադեմ ասաց Արսենին.

— Թե շատ վռազ ես, ջաղացի ջուրը կապեմ, աղունդ աղա, առ գնա։

— Շատ լավ կանես, Անտոն բիձա, աղունս վրեն ածա, չէ′, դու նեղության մի քաշի, ես վրեն կածեմ, դու գնա ջուրը կապի։

Արսենը վեր կացավ, բաց արեց խուրջինի բերանը, աղունի մի մասն ածեց ջաղացի տաշտը, ու մինչև Անտոնի գալը խոսք բաց արավ Միդինի հետ.

— Ախպեր ջան, անունդ ի՞նչ ա, որտեղացի՞ ես, էսպես զինված իսկի ջաղացավորի չես նման։

— Անումս Միդի ա, ես էս վերի, Անտոն բիձա գեղացի եմ, դրուստ ա, ջաղացավոր չեմ, ես ներքի մեծ ճամփի վրա ղարավուլ եմ։ Երեկ չէ մեկել օրը մեծ ճամփի վրա բոլշևնիկի թռուցիկ են շաղ տվել, հիմի կոմիտեն որոշել ա, որ հերթով ղարավուլ քաշենք, բալքի մի կասկածավոր մարդ բռնենք, էդ բանին եմ, հիմի հրեն ընկերս, մեր Չատին ղարավուլ ա, ես էլ եկել եմ տաքանամ, որ կեսգիշերին գնամ, նա գա տաքանա։

— Հա՜... Լավ բանի եք, շատ էլ լավ եք անում...

Ջաղացի քարն սկսեց դժգոհությամբ խռխռալ, կարծես բողոքելիս լիներ, որ հանգիստը խանգարեցին։ Ապա հետզհետե արագացրեց ընթացքը, Անտոնը ներս մտավ ու դառնալով Արսենին, ասաց.