Այս էջը հաստատված է

Անտոնը սարգ ու կարգ արավ խմորի համար, ու ինքը դուրս եկավ ջաղացի ջուրը կտրելու։ Հենց էս միջոցին լսվեց Կուպրի պարերգի ձայնը, որը մոտենում էր ջաղացի դռանը։

— Ըհը՛, հրես Կուպրը գալիս ա, դե′, դու խոսեցրու բոլշևնիկներից ու տես, թե ինչեր ա պատմում,- պարծանքով ասաց Միդին Արսենին։

— Լա′վ, թող քու ասածն ըլի։

— Ա′ Կուպր, մեռա′ծ, էլի եկա՞ր,– հարցրեց Անտոնը, որ ջաղացի ջուրը կտրել և իջնում էր։

— Եկա չէ′, եկանք, է′ս ես, է′ս Չատին, սա էլ ա իմ հավատին․ ես պար կգամ, սա ծափ տա, Անտոնի քուրքը թափ տա։

Ներս մտան։

— Օհո՜, Անտոն բիձա, ղոնաղ էլ ունես, էս ո՞վ ա... հա՜... բարով, բարով, Արսենն ա, էս էլ Միդին, դուշմանս էլ չմնա քո ումուդին—ասաց Կուպրը և նստեց Արսենի կողքին։

— Ա′յ տղա, բա էն ճամփեն անտեր թողել, եկել ես, որ մի բան պատահի, ո՞վ ա ջուղաբ տալու,— զսպված զայրույթով ասաց Միդին։

— Ջուղաբը ես կտամ,— մեջ մտավ Կուպրը,— սա մարդ չի՞, սա տաքանալ չի ուզո՞ւմ…

— Ա′ Կուպր, փչացա′ծ, գեղիցը մարդ կգա...

— Ձենդ կտրի, գեղի կեսը քնած ա, կեսն էլ հրեն հարսանիքումը հարբած,— ասաց Կուպրը և դարձավ Արսենին,— դե′, ընկեր Արսեն, բոխչեդ բաց արա, ինչ ասելու ես, ասա′, ամենքս էլ բան ու գործի տեր մարդ ենք։

Արսենը նայեց Կուպրին և ակնարկեց Միդինի և Չատինի վրա։

— Հա, սրանք երկուսն էլ իմ կուպրի կարասումը մկրտված են, դու ասելիքդ ասա,— պնդեց Կուպրը։

Անտոնը սառած կանգնած էր մնացել տեղում. նա չէր իմանամ էս բոլորի համար լաց լինի, թե ծիծաղի։ Նա կարծես կամաց-կամաց ճանաչում էր Կուպրին։

— Է՜, Միդի, ես քեզ խոսք եմ տվել, որ էսօր մի բոլշևնիկ շանց տամ, դու էլ խոսք ես ավել, որ էդ բոլշևնիկն