բարձրացավ։ Առաջին նկատողն այս հանդիսավոր «հաղթական» մուտքի, բարձր ու երկար ձայնով ազդարարեց.
— Խումբերն երկու թուրք, մի էշ են բռնել, երկու թուրք մի է՜շ...
Ոնց որ թեժ կրակին քլթքլթացող ջուրը պղնձի չորս կողմից դեպի ներս է մղում եռացող ջրագնդերը, էնպես էլ գյուղի բոլոր ծայրերից դեպի գյուղամեջ թափվեցին ահել, ջահել, մարդ ու կին, որ տեսնեն, թե էդ ինչ տեսակ թուրքեր են:
«Հեռու կացեք, հեռո՛ւ», «ճամփա տվեք, ճամփա»–ն ընկավ խալխի մեջ։ Երեխաներից շատերը քիչ մնաց ձիու ոտների տակ ընկնեին։ Սրթսրթալով, ցեխ ճմբռելով ու սոթ տալով գալիս էին ու գալիս։ Մութն իր խավարի առաջին վարագույրը քաշել էր արդեն, բայց դեռ մարդաճանաչ էր. սակայն վրա վազողները, որովհետև իրենց մեջ վճռել էին, թե «խումբերի» բերած մարդիկ անպատճառ թուրքեր են, դրա համար էլ գոնե մի մարդ էլ է չգտնվեց, որ մի լավ նայի ու ճանաչի եթե ոչ Ալեքին կամ Կիկոսին, որոնք ձիավորների օղակի մեջ էին առնված, գոնե Կիկոսի իշին, որը հարսանիքի գալու առաջին լուր բերող «աղվեսի» նման առաջներն ընկած, «իշի յորղա» բռնած վազում էր, և որին ողջ գյուղը գիտեր, քանի որ ամեն տուն նրան մի քանի անգամ ջրաղաց տարած կլիներ։
Ինչ վերաբերում է Կիկոսին ու Ալեքին, նրանց հրամայված էր լուռ ու գլխակախ, առանց ձայն հանելու գնալ. և նրանք էլ մատաղի ոչխարի պես գլուխները համարյա շեքի ղաթը գցած, առաջ էին շարժվում։
— Արա՛, էն մինն էլ հլեյի թե Կիկոսն ըլի, Կիկո՛սը,–ձայն տվեց մեկը, որ ավելի էր մոտեցել:
— Բալքի դա էլ թուրքերի Կիկոսն ա, ինչ գիտաս,— ծաղրեց մոտից անցնողը։
— Ոնց որ երևում ա, էս կռիվը Կիկոսների պեսները պտեն անիլ. հալբաթ թուրքերի «խումբերն» էլ մերոնց պես, իրանք գեղումը նստել, քեֆ են քաշում ու թուրք Կիկոսներին կռիվ ղարկում,— ձայնեց մի ավելի համարձակը, որ չէր նկատել, թե ինչպես քյոխվա Սարիբեգը մոտից անցնում է և լսելուն պես վրա պրծավ.