Այս էջը հաստատված է

Անտոնը սփրթնել էր, Արսենը լուռ նայում էր Միդինի ու Չատինի դեմքերին, որոնք անակնկալի հանդիպած՝ չգիտեին ինչ դիրք բռնեն։

— Դե′, վեր կացեք, է՛, ի՞նչ եք տափիցը կպել, հազիր ձեզ փող էլ կբաշխեն, — կրկին պնդեց Կուպրը։

Տիրեց մի խորհրդավոր լռություն։

— Ի՞նչ եք պապանձվել, ասացեք, մեզ հետ եք, թե չէ... Հալա միտք եք անո՞ւմ... Էս որ հալա խոսքի վախտը գլուխնիդ քաշ եք գցում, բա գործի վա՞խտն ինչ եք անելու, մեծ-մեծ բրդելը հեշտ ա, դե բրդածը կերեք, է՜...

— Դե՛, հերիք ա, ինչքան անպատիվ արիր, է՜... Ըհը′, էս իմ, էս էլ Չատինի թվանքը, ա՛ռ, թե էս թվանքնին բոլշևնիկի վրա տրաքեն, թող մենք մեջներիցս տրաքվենք, էս էլ մի նամուս չի, որ մենք մեր փափախի տակին պահում ենք։ Է՜յ, ա՛ Չատ, ինձ արին խմող Միդի կասեն, թե հետս գալու չես, հիմիկվանից գլուխդ առ կորի,— ասաց Միդին ու հրացանները գցեց Կուպրի առաջ։

— Աֆֆերի′մ տղա, Չատի՛, դու ի՞նչ կասես, — հարցրեց Կուպրը։

— Որտեղ Միդին, էնտեղ էլ ես,— վճռական ասաց Չատին։

—Դե՛, բալշևնիկը հանի՛,— պնդեց Միդին,— մենակ դու բոլ չես։

— Դե, լավ մտիկ արեք, բոլշևնիկը հանում եմ,— ասաց Կուպրը և ձեռքը մեկնեց դեպի Արսենի փափախը, գոչելով, — «ալլե հո՛պ», բոլշևնիկն էս մոթալ փափախի տակին ա, լավ մտիկ արեք։— Ու փափախը վերցրեց։

Արսենն ակամայից ծիծաղեց։

— Սա՞ ա, — հիսաթափված հարցրեց Միդին։

— Հավան չե՞ս... Ինչ ա, հենց գիտեիր, թե քո տեսած գեներալի պես շալվարիցդ կարմիր կարած պտի ըլի՞լ, թե՞ ճակատին կոկարդ, հագին էլ չեքմեք ու զրնգան մեխերը դաբանիցը կպցրած, — հեգնեց Կուպրը, — բոլշևնիկն այ, դիփ էս ղայդի ա, որը տրեխով գեղացի, որը մրի մեջ կորած բանվոր, դրա համար էլ նրանց իշխանութինը կոչվում ա բան-վո-րա-գյու-ղա-ցիա-ա–կան... մինի ձեռին մանգաղ,