— Վայե՜... բան չունե՞ս, մեր կոմիտե Մեխակը որ բոլշևնիկի անումն իմանում ա, քիչ ա մնում կրակ դառնա, աշխարհն էրի, խորովի, նրան ուզում ես բան հասկացնես, որ բոլշևնիկի, էն էլ թուրք բոլշևնիկի առաջ ճամփա բաց անի,— ընդհատեց Չատին։
— Դրուստ ա ասում,— վրա բերեց Միդին,— սրանից մի քանի օր առաջ գեղումն մեծ ժողով կար, կենտրոնից էլ մարդ էր եկել, անումը Մինասով էր, թե Մանասով, ասացին մինիստր ա, շատ խոսաց էդ մասին։ Մի քանի հոգի հարց տվինք, թե ճամփեքը բաց անեն, թուրք ու հայ գնան–գան, նա պատասխանեց, թե անկարելի ա ասեց, ձեր խելքը չի կտրում, բայց որ թուրքը սար բարձրանա, մեր թիկունքը կանցնի ու ձեզ դիփիդ էլ կջարդի, ասեց կառավարութինը վճռել ա, որ մեր երկրում ինչքան թուրք կա, կոտորի, ինչքան թուրքի գեղ կա քանդի, ավերի, սրբի, որ նրանց հոտը կտրվի մեր երկրից, հրեն Ղարա-Ղոյունլվի թուրքի գեղերն էլ գնացել են թալանել կոտորել: էս Կուպրը ետ դառավ ու ասաց, թե բա թուրքերը հիմի խի՞ չեն Ադրբեջանի հայ գեղերին ձեռը տալի, ախպոր պես ապրում են, նա համ վրա պրծավ Կուպրին, համ էլ ասեց, թե առաջ էլ նրանք են կոտորել, իսկի հայ ու թուրք հաշտ կապրե՞ն։ Կուպրն էլ ասեց, թե էն կոտորողը մուսավաթն էր, հիմի բոլշևնիկը մարդ չի սպանում։ Միտդ ա, ա՛ Կուպր, մեռա՛ծ, քիչ մնաց թե տեղնուտեղը քեզ շանսատակ աներ, էդ ասածիդ համար, էս ու էն կողմից մարդ մեջ ընկավ ու հասկացրեց, թե դու շաշ ես, դրա համար էլ ձեռ չտվին, էսքանը խելքս լավ ա կտրում, որ իրար կոտորելով բան չի դուրս գալ, համա մենք ո՞նց կռիվ սկսենք մեր հայ կառավարութենի դեմը։
Արսենը կամեցավ բացատրել, բայց Կուպրը մեջ ընկավ.
— Էդ որ ասում ես հայ կառավարութին, մի ասա տենամ նրանից ի՞նչ օգուտ ես ստացել, հը՞, ի՞նչ օգուտ: Եզդ տարել մորթել են խումբերի համար, դրո՞ւստ ա, էս մին, էս Չատինի էլ կովն են մորթել, էս երկու, վարուցանդ գլխիդ հարամ են արել, էսօր ղարավուլ, էգուց դիրքապահ, էլօր կոռ քաշող, տափդ մի հափուռ հատիկ ես գցե՞լ, չէ՛: Սոված ես, տկլոր ես, քեզ պես էլ շատ-շատերը: Թե՞ ասում