ես ուրիշներն էլ են ինձ պես։ Սոլոմոնից երկու կով են մորթել, Գրիշա բեգից հինգ ոչխար... էդ են ասում, չէ՞, «թե ազգի բան ա»։ Սոլոմոնից թե երկու կով մորթած, թե ոչխարից մի մազ պոկած, համա քու լուծը տափին մնաց, մի եզդ մորթեցին, տունդ քանդվեց։ Մերը չմեռնի Սոլոմոնի ու նրա պեսների, հրեն գնացել ա Ղարա-Ղոյունլուն թալանել, ապրանքը բերել դուռը լցրել, խալիչեքն ու կարպետնին էլ պատերովը քաշել։ Ազգի բան ա... ի՞նչ ազգ, ի՞նչ բան, ինչ կառավարութին... Ա՛, Միդ, էս բաները դու հո ինձանից լավ ես հասկանում, խի՞ ես զուր գլխացավանք տալի։ Վճռած բան ա։
— Դրուստ ա, դրուստ ա, մեզ էրել, խորովել են, պետք ա վերջ տանք, հոգիներս դուրս եկավ, — գլուխը թափահարելով ասաց Չատին,– մենակ մի բան կա, որ զենք չունենք, որ զենք ըլի, շատ տղա կհավաքենք, կարա՞ք զենք հասցնեք։
— Զենքն իրան կարգին, առանց զենքի, դուք էլ գիտաք, որ կռիվ չի ըլիլ, համա քյասիբի բերանը փակողը փողն ա, փողը մարդու ձեռ ու ոտը կապում ա, շատերը որ Սոլոմոնի ու նրա պեսների ետևից գնում են, նրանց փողի գերին են։ Վախենում են, թե հակառակվեն, տան ունեցած-չունեցածը հանեն տանեն, տունը քանդեն, ոնց որ էս խեղճ Անտոն բիձու տունը, կարա՞ք մի քիչ էլ փող հասցնեք։ Ում հետ որ որ խոսաս, ինչքան էլ համաձայն ըլի քեզ հետ, էլի նրանց հակառակվել չի, որովհետև պարտքը նրա ոտին թոկ ա դառել, ծերը պարտատիրոջ ձեռին,— լրացրեց Միդին։
— Այդ ամենի մասին կմտածենք և կանենք, դուք զգույշ կացեք, ձեզ ինքներդ չմատնեք և ամեն օր տեսնվեցեք ընկեր Վարթևանի հետ, լսեցեք ու կատարեցեք նրա կարգադրությունները, իսկ հիմի ուշ է արդեն, ես շտապում եմ,— ասաց Արսենն ու տեղից վեր կացավ։
— Դե՛, դուք էլ գնացեք ճամփի վրա ձեր կոռը քաշեցեք,— ասաց Կուպրը։ — Հա, էգուց էդ ճամփի ղարավուլը փոխվելու ա, ում որ նշանակեն, դուք հետը պայման կապեցեք փողով կամ մի օր բան անելով, մի խոսքով ինչով որ համաձայնի, ու էլ ետ դուք ղարավուլ կացեք, ուրիշը չըլի. ճամփեն մեզ պետք ա, դե՛ գնացեք, հայդե, թազա