Այս էջը հաստատված է

թխված բոլշևնիկի... Կուպրի հրամանը լավ կատարեցեք, թե չէ ականջներդ կկտրեմ։

Միդին ու Չատին հրաժեշտ տվին ու հեռացան։ Կուպրը խոսեց մի քանի կազմակերպչական հարցերի մասին, հայտնեց Արսենին, որ շրջանի գյուղերում կան արդեն վստահելի տղաներ, նորերի ցուցակը հանձնեց, որ անմիջական կապ ստեղծեն նրանց հետ, ապա դառնալով Անտոնին, պատվիրեց.

— Անտոն բիձա, ջաղացիդ քարը փոխի, թե մինչև հիմի ալիր ես հանել, հիմի տակիցը բարութ պտես հանիլ։ Պինդ կաց ու ինձ հետ էլ ոնց որ մինչև օրս ես ելել, էլի էնպես կաց, դու ջաղացպան, ես շաշ Կուպրը։ Դե՛, ընկեր Արսեն, դու փախի, լուսը հրես ուր որ ա կբացվի, ես էլ գնամ, հարսանիքին հասնեմ, թե չէ, ով գիդա ինչ կպատահի, Սոլոմոն աղեն կնեղանա, որ շաշ Կուպրն ընդեղ չըլի։

— Վաղը գիշեր անելիքը չե՞ս մոռացել,— հարցրեց Արսենը։

— Ութ տղա պատրաստ ա, կգան կբերեն,— պատասխանեց Կուպրը, և ձեռքը մեկնեց Արսենին։

Արսենը խուրջինը դատարկեց, իսկ Անտոնն աղացած ալյուրը նրա մեջն ածեց ու գցեց ուսը։

— Մնաք բարով։

— Բարի ճանապարհ։

Արսենը դուրս եկավ ջաղացից և անհետացավ մթության մեջ։

— Շա՞տ ես շշկլված, ստառիկ, բա Կուպրին ո՞նց գիդաս։ Հենց կպապանձվես, ոնց որ թե ո՛չ տեսել ես, ո՛չ լսել, իմացա՞ր,— ասաց Կուպրն ու դուրս թռավ ջաղացից։

Անտոնն իրոք որ շվարել էր այս ամենից։ Նրա համար այս բոլորը մի անբացատրելի հանելուկ լիներ կարծես, մի երազ։ Նա ջաղացի դուռը փակեց և հոգնած գլուխը դրեց բուխարու մոտի քարին, որ հանգստանա։