Այս էջը հաստատված է
X

Մառախլապատ գիշեր էր։ Երկինքը սառը թեփ էր մաղում։ Թեթև, բայց ծակող ցուրտ քամին բթաշաղը փռել էր, մանր, կլոր հատիկներն իրար գլխով տալով, որոնք գլորվելով սկսում էին թփերի տակ կուչ գալ կամ տեղավորվել ճամփի վրա գտնվող անասունների կճղակից, կամ սմբակից մնացած փոսիկներում։ Ամեն շունչ արարած քաշվել էր իր բույնը, ավելի խոր մտել, որ չմրսի։

Անտոնը բուխարու կրակը թեժ արած, թիկն էր տվել քարին, ու մալուլ-մուշկուլ խոհերով տարված, մտքի ծովն ընկել։

Հեռվում, մեծ ճամփի վրա, ուր հսկում էին Միդին ու Չատին, մի սայլ կանգ առավ։ Քիչ հետո, սայլի վրա բարձած տոպրակները շալակած՝ ութ հոգի մոտեցան ջաղացի դռանը, բախեցին։

— Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,— հարցրեց Անտոնը տեղից վեր թռչելով։

— Բա՛ց արա, շո՛ւտ, Արմենի մոտից ենք գալիս։

Անտոնն անմիջապես դուռը բաց արավ։ Ներս մտան բեռնավորված մարդիկ, լուռ անցան դեպի ջաղացի խորքը, տոպրակներն իրար վրա դրին ու անմիջապես հեռացան, առանց որևէ խոսք ասելու։ Անտոնը նրանցից և ոչ մեկին չճանաչեց։

Ջաղացի դուռը փակելով նա մոտեցավ տոպրակներին, շոշափեց։ Ցորենով լի պարկեր են։ Ի՞նչ հանելուկ է սա. ովքե՞ր էին, ինչո՞ւ բերին, ինչո՞ւ ոչ մի բառ չասացին. գուցե պարկերի մեջ մի ուրիշ բան կա... Անտոնը նորից ստուգեց, չէ՛ ցորեն է, նա մինչև անգամ պարկերից մեկի կարը քանդեց մի քիչ, որտեղից թափվեցին իսկական կարմիր ցորենի հատիկներ։ Ի՞նչ անի ութ պարկ ցորենն Անտոնը, աղա՞, պահի, ի՞նչ պատասխան տա Սոլոմոնին, եթե հանկարծ վրա հասնի ու հարցնի, թե ո՞ւմն են, ո՞վ է բերել, որտեղի՞ց, ո՞վ է տերը...

Անտոնի ջանը դող ընկավ, սրթսրթում էր, ներքևի ծնոտը չէր հպատակվում կամքին, ատամներն անընդհատ չխկչխկում էին։ Ի՞նչ անի... Թաքցնի,— անցավ նրա