— Ձենդ կտրի, թե չէ հրես ռեխդ կքանդեմ, ըտհենց եք խոսում է, որ կարում չենք թուրքերին սրբենք, ճամփեքը բաց անենք։ Տանը վեր թափեցեք, հավ-թուխս դրեք, էլի՛, փափախներդ կնանոնց տակին դրեք ու լաչակ կապեցեք, էլի՛. էս խմբերն էլ որ ըլեն ոչ, հու օխտը կորածից մինը կըլենք...
Քյոխվա Սարիբեգը, որ շատ էր պաշտպանում «խմբերին», որովհետև նրանք քյոխվին նշանակել էին էլի իր հին պաշտոնի մեջ, ողջ գյուղն էն տեսակ թալանի ու սարսափի էր մատնել, որ մարդ չէր կարողանում առաջը ծպտուն հանի, մինչև անգամ, երբ նա զոռով սրա-նրա հարսը դուրս էր քաշում տանից ու խմբապետին տանում։
Խավարը սև ագռավի թևերի նման փռվեց գյուղի վրա։ Երկինքը հո խավար էր, խավար, գետինն էլ նրանից վատթար սև ցեխ էր։ Գյուղացիք շտապեցին իրենց տները, քանի աչքները կտրում էր ու ճանապարհը հազիվ նշմարում էին. իսկ ձիավորներն իրենց գերիներով հասան խմբապետի բնակարանի առաջ։
Այդ գիշեր ողջ գյուղի խոսակցության նյութը գերի ընկած թուրքերն էին։ Եվ այն միջոցին, երբ գյուղական խավար խրճիթներում կրակի շուրջ բոլորած տանեցիք պատմում էին կռվի ու գերիների մասին, հիշելով անիծված հայ-թուրքական ընդհարումները, խմբապետի սենյակում հարցաքննություն էր կատարվում, որին մասնակցում էր և քյոխվա Սարիբեգը, որը հիսաթափված դիտում էր, ու չէր կարողանում հասկանալ, թե ինչպես «թուրք գերիները» հանկարծ փոխվել ու դարձել են Կիկոս ու Ալեք։
Ամբողջ գիշեր, գրեթե մինչև լույս, հարցաքննությունը ոչ մի հետևանք չտվեց։
Էն որ Կիկոսն էր, պնդում էր, թե Ալեքի տեսած ձիավորները նույն գյուղացիներն էին, որոնցից մեկը ստրաժնիկ Սաքին էր, որ իրեն իշին էլ թակեց. էն որ ծվծվան Ալեքն էր, հաստատում էր, թե ձիավորները թուրքեր էին, հայերեն խոսող թուրքեր, որոնք Կիկոսին գերի էին առել ու իրեն տեսնելուն պես վրան կրակեցին թե սպանեն, չհաջողվեց, որովհետև ինքը սուտ ձիուց վեր ընկավ ու դիրքը մտավ թե կոտորի, նրանք էլ թողին փախան։