Այս էջը հաստատված է
․․․ Տա՛ր-նի՛-նա՜յ, տի՛ր-նա՛-նի՛-նա՜յ,
Տա՛յ-նա՛-նա-նա՜-ա...րի՜ նա-նա՜յ...

Կուպրի ձայնն էր։ Նա երգելով ու պարելով գալիս էր դեպի ջաղացը։

— Յարաբ, մարդ իմանա, թե էս շաշն ինչ բան ունի էս վախտիս էս կողմերում, որ աչքերի ճպուռը չսրբած՝ երգ ա ասում ու պար գալիս, իսկի մարդու ցավ էլ չի հարցնում, —դժգոհեց Ավետիսը, որին ըստ երևույթին դուր չեկավ Կուպրի երևալը։

— Է՜... խեղճ ու կրակ տղա ա, գեղից-ջաղաց, ջաղացից֊գեղ վազ ա տալիս, որ մի կտոր հաց ճարի, գլուխը պահի, խի՞ ես նեղանում, Ավետիս ջան,— պատասխանեց Անտոնը, լավ չըմբռնելով Ավետիսի դժգոհության պատճառը, որի գործը հավանորեն փչացնելու էր Կուպրը։

— Էշ ես առե՞լ, Անտոն բիձա, որ էսքան մոխիր ես փռել ջաղացի դռանը,— ոտով ու ձեռով մոխիրը շաղ տալով ասաց Կուպրն ու մտավ ջաղացը։— Բարի լուսը ինձ լսողին, ցավ ու պատիժ սուտ խոսողին,— ասաց Կուպրն ու աչքերը ոլորեց Ավետիսի վրա։

Ավետիսը բարևին չպատասխանեց։

— Էդ ո՞նց ա քեզ չեն բռնել, Ավետիս դայի․ դու ղարավուլների մեծավորը չէի՞ր... Թե՞... Մեծը՝ մեծ ցավի գա, պուճուրը՝ պուճուր... Քեզ պատժել են, որ ջաղացումդ նստես։

— Ես որ էս գիշեր հետները եկել էի, նրանց գլուխն էդ օինը գալ չէր,— գլուխը գովեց Ավետիսն ու ածխակոթն առաջ գցեց, որ կրակը թեժանա։

— Թե՞ գեղիցը փախել ես, որ չբռնեն։

— Ի՞նչ ես շաշ-շաշ դուրս տալի, ինձ բռնողը հալա չի ծնվել։

— Հազար թալակից փախած մարդ ես, իսկի կարա՞ն քեզ բռնեն ո՜ր...

— Խոսքիդ չափը ճանաչի, ո՞նց թե թալակից փախած, — վիրավորվեց Ավետիսը։

— Տնաշեն, ես քեզ գովում եմ, դու նեղանո՞ւմ ես... Դու հենց գիդաս, թե մենակ Միդին ու Չատին, մեկ էլ էն թուրքի սահմանի երկու ղարավուլն են բռնվա՞ծ... Գեղում