Այս էջը հաստատված է

ինչքան կասկածավոր մարդ կա, հրեն ցուցակ արած, բռնոտելու են, ցուցակումը դու էլ կաս։

— Հաստա՞տ։

— Հաստա՛տ։ Թե տղա ես գլխիդ ճարը տես, վեր կաց կորի, թե չէ տուն գնաս, գլուխդ տեսան թե չէ՝ կռներդ կապոտելու, գոմն են գցելու,– ահաբեկեց Կուպրը։

— Լա՛վ, ի՞նչ եմ արել որ...

— Էն ես արել, որ ղարավուլների հետ չես եկել։ Հիմի որ գան էս ջաղացումը քեզ բռնեն, ասելու են թե դու ամեն բանից տեղյակ ես, ինքդ բոլշևիկ ես ու... վա՜յ քու մեղքը։

— Ո՞վ կհավատա, որ սա բոլշևնիկ ա,— միջամտեց Անտոնը։

— Հալա մի կբռնեն, կնստեցնեն, նրանից հետով եկ ու հաստատի, թե բոլշևնիկ չես։

— Է՜յ, ո՞վ կա ջաղացում,– դրսից լսվեց մի ուժեղ ձայն։


— Իմ սրտին աղ ես արել,
Ջիգյարս դաղ ես արել,
Ինձանից հեռացել ես–

Ինձ բեդամա՜ղ... ա՛ղ ես արել...

Կուպրն սկսեց երգել ու պարել. Ավետիսը ենթադրելով, թե իր ետևից են եկել, պահվեց ջաղացի մութ անկյունում, իսկ Անտոնն առաջ կանգնեց, որ իմանա եկողի ով լինելը։

— Հարսանի՞ք է, ինչ է էստեղ,– գլուխը ներս կոխեց եկողը։

Հարսանիք ա, առանց փեսա ու հարսի.
Թե փիս մարդ ես-աստված քո բանը թարսի:

Ասաց Կուպրը և շարունակեց պարել։

— Անտոն բիձա, քեզ վռազ կանչում են գեղումը, արի՛,— ասաց եկվորը։

— Ես էլ ասեմ եկողը մարդն ա, դու մի ասիլ գզիր Ղանդոն ա,– ասաց Կուպրը և դադարեցրեց պարն ու երգը։

— Ղանդոյին հավան չե՞ս, շաշ Կուպր։

— Ո՞նց չեմ հավան... Հավ ասես, գողանում ես, ձու ասես, գողանում ես, սրա-նրա տուն ես մտնում արաղ