խմում, տաշտիցը քու ձեռքով հաց վեր ունում, ստի տոպրակ ես, ինչքան կեղտոտ գործ ըլի, դու վկա ես, փողի համար գերեզմանիցը հորդ կհանես, կծախես, խարջից ազատ, կոռից ազատ, լվլվում ես գեղումը, որբևերի կնանոնց աչքով ես անում, մեռելատանը քելեխի գլխին ես նստած, կնունքին՝ սուփրի մեջտեղը, հարսանիքին՝ դռան տակին, գզիրես՝ գեղի տեր ես, համ ճղճղան, համ աներես, հարուստն ռեխիդ թքի, կուլ կտաս, նրա թուքը քյասիբի վրա դու կթքես, թքակոլոլ կանես, հարու տվողի ետևն են կաղնում, քացի տվողի առաջին, լավ մարդ ես, աստոծ գլխիցդ վերևը սաղ պահի...
— Լա՛վ, լա՜վ... ի՞նչ ես ջորու քացու նման վրա տալի, կաց մի տենանք ինչ ա ասում, է՜,— անկյունից դուրս եկավ ու միջամտեց Ավետիսը։
— Է՜, Ավետիս դայի, էն վաղի իրավունքը ձեռիս պտի ըլեր, ես սրա կաշին մաշկել էի, դու տեսել իր, թե ո՜նց են անպատիվ անում, համա ի՞նչ անեմ. թակեմ, կասեն Ղանդոն մարդ չի գտել, գնացել ա ջաղացումը Կուպրին թակել։
— Շաշի խոսքին գլուխ մի դնի, ասա տեսնամ ի՞նչ խաբար ա, Անտոնին ո՞վ ա ուզում,— հարցրեց Ավետիսը։
— Կոմիտեն։
— Ի՞նչ ա ուզում։
— Գիտեմ ոչ, կասկած կա ջաղացի վրա։
— Հը՜մմ,— արեց Ավետիսը։
— Հը՜մմ,— կրկնեց Կուպրը, Ավետիսի պես։
— Բա ջաղացս անտեր թողնե՞մ,— տարակուսած հարցրեց Անտոնը։
— Տարով հո չես գնալու, էսա ետ կգաս,— ասաց Ղանդոն։
— Ո՞ւզում ես, ես կմնամ քու տեղակ, գնա ու եկ, — առաջարկեց Ավետիսը։
— Չէ՛, թող Սոլոմոնը մի մարդ նշանակի, հետո գլխիս մի խաթա կգա,— կտրուկ հայտարարեց Անտոնը։
— Սոլոմոնը համաձայն ա,— ասաց գզիրը։
— Չեմ հավատում, թող ինքը գա կամ թուղթ գրի, խառը ժամանակ ա, մի բան կպատահի, ինձ ոտով-գլխով կկորցնեն: