— Ախպեր, թեկուզ լավ թամաշա կլի, համա ձեզ ըլի էդ թամաշան, դուք գնացեք, ես կմնամ,— առաջարկեց Կուպրը։
Դուրսը ձիու ոտի դոփյուն լսվեց։ Երեք ձիավոր կանգնեցին ջաղացի դռանը։ Դրանք դաշնակցական խմբի տղաներից էին, զինված ու զայրույթից կարմրատակած աչքերով։
— Է՜, ջաղացպան։
Ամենքը դուրս եկան։
— Ի՞նչ մարդ եք, ի՞նչ եք շինում էս ջաղացում։
Բացատրեցին։
— Առաջ անցեք:
— Ո՞ւր։
— Կիմանա՛ք, շո՛ւտ, ոչ մի խոսք այլևս։
— Կարասս չկոտրեք,– ասաց Կուպրը և սկսեց պարել ու երգել.
Քոմագ արա, թե որ կարաս...
— Սա՞ ինչ մարդ է,— հարցրեց ձիավորներից մեկը։
— Սա մեր գեղի շաշն ա,— պատասխանեց գզիրը։
Կարասիս մեջ գինին լիքը,
— Է՜յ, շա՛շ, որտե՞ղ է գինիդ,— հետաքրքրությամբ ու ժպտալով հարցրեց նույն ձիավորը։
Եկեք գնանք, շանց տամ տեղը,
Շատ ազնիվ ա, գինու ցեղը,
Թե մեռելն էլ տեսնի համը,
Կկոտրի աստծու ատամը...
Ձիավորներն ակամայից ծիծաղեցին։
— Ես սրանց հետ կգամ, ուր որ տանեք, մենակ մի բան եմ խնդրում, որ էս շաշին ելա թողեք մնա, ջաղացին տիրութին անի, խեղճ ջաղացպան մարդ եմ, ուրիշի ձեռին նոքար, մի փորձանք կպատահի, տերս ինձ դուրս կանի, կմնամ անհաց, անջուր,— խնդրեց Անտոնը։
— Ջաղացն ո՞ւմն է։