Ո՞րին հավատային...
Քյոխվա Սարիբեգը մի կողմից հաստատում էր, որ Կիկոսը սուտ չի խոսի, բայց կարող էր չճանաչել ձիավորներին, որովհետև նրա աչքերը — աչքեր չեն, մյուս կողմից էլ պնդում էր, որ Ալեքը և՛ ստախոս է, և՛ վախկոտ, նրան էլ կարող էր թվալ, որ ձիավորները թուրքեր են։ Բայց որովհետև Ալեքը սուրհանդակ էր, իբրև պաշտոնական անձի ցուցմունք, խմբապետը հրամայեց իր քարտուղարին, որ մի մանրամասն գրություն կազմի «ռազմական մինիստրի» հենց իր անունով, որի մեջ ի միջի այլոց գրում էր հետևյալը.
«Թուրքական խուժանն այգիները կրակ տալուց հետո կամեցավ անցնել մեր առաջապահ դիրքի թիկունքը, բայց հետ մղվեց, չարաչար կորուստներ տալով: Նրանցից մոտ 30 հոգի, կտրվելով իրենց թիկունքից, առանց հասկանալու իրենց ողբերգական դրությունը, կամեցան հարձակվել այն գյուղի վրա, ուր տեղավորված էր «Քարքարուտի» շտաբը — իմ գլխավորությամբ, սակայն մեր սուրհանդակը նկատելով նրանց, կրակ բաց արեց, որի հետևանքով խմբիս անդամներից 6 հոգի կայծակի արագությամբ հասան և հալածեցին թշնամուն։ Մեր կողմից ոչ մի զոհ. նրանցից առայժմ անհայտ է. ենթադրում եմ, որ ետ փախչելիս մեր երրորդ դիրքը նրանց ոչնչացրեց։ Խնդրում եմ պարգևատրության համար մի քիչ դրամ ուղարկեցեք, որպեսի հանգամանքը կոգևորի տղերանցը։
Նամակը քարտուղարի կարդալուց հետո խմբապետը գրիչն առավ և իր սեփական ձեռքով ավելացրեց. «Հետ» գրության»–ը, որովհետև, նրա կարծիքով, ոչ մի նամակ կամ պաշտոնական թուղթ առանց «Հ.Գ.» չի կարող լինել։ Նրա գրածը թղթի վրա ճիշտ այնպիսի տպավորություն էր թողնում, ինչպես ցեխի վրա ման եկող հավի հետքերը։ «Հետ գրություն»–ը հետևյալն էր.
«Նամակս վերջացրել էի, երբ լուր ստացա, թե փախչող թուրքերին բոլորին կոտորել են։ Կեցցե՛ Հայաստան»։
Նամակը ծրարելուց հետո խմբապետը կարգադրեց, որ սուրհանդակ Ալեքն ինքն իր ձեռքով հասցնի կենտրոն և