Ծարավ մարդու հոգու ճար ա՛,
Թե որ հավն էլ խմի մի պուտ,
Խորովածի շամփուրները շարվեցին կրակի շեղջի վրա։ Ջհանդամը թե Չատինի երեխաների թաց ու ցամաքը կտրվեց, միակ կովը դուրս քաշեցին, մորթեցին։ Ի՞նչ մեծ բան է մի կով, երբ մարդիկ իրենց «կյանքն են զոհում ազգի փրկության համար...» Անտոնի ջաղացում։ Մսի խջմնջոցն ընկել էր ջաղացը, ախորժակ էր գրգռում։ Սարգ ու կարգ արին, որ սեղան նստեն, Կուպրին ուղարկեցին Մուշեղի ետևից։
Կրկենիներն իջան իրենց տեղերից։ Մուշեղն ու Կուպրն էլ եկան։ Թեյի կոտրած բաժակը ձեռքից ձեռք էր անցնում, գինին ծծում էին, շրթունքները ծլփացնում, լիզում. համով էր, բավական դուրեկան և ուժեղ։ Սկզբում լուռ էին. ուտում էին խորովածը և գինին գլխին ածում, որ լավ մարսեն, բայց մի քանի բաժակ կոնծելուց հետո գլուխները տաքացավ և սկսեցին ճառել.
— Էս մի բաժակը խմենք դաշնակցության կենացը, էն դաշնակցության, որ երկու բռնակալ տապալեց — Սուլթան Համիդին և Նիկոլայ ցարին...
— Կամաց խոսա, կիմանան, ամոթ ա, սարսաղ-սարսաղ բաներ ես դուրս տալի,— ընդհատեց Մուշեղը։
— Ես գիտեմ, որ դու ազգի դավաճան ես, Մուշեղ, գիտեմ, որ դու կիսաբոլշևիկ ես, բայց ի՞նչ անեմ, հայ ես, կտամ կսպանեմ դաշնակցության ձեռից չեմ ազատվի...
— Խմի՛, խմի՛, գինիդ խմի, սպանես, չէ մի ոտներ, հավի ճո՞ւտ եմ, ի՛նչ է...
Գինու բաժակը մի անգամ էլ ավարտեց իր պտույտը. Կուպրը վազեց, որ էլի բերի։
— Բայց և այնպես մենք չենք հասկանում քո միտքը։ Ի՞նչ ես ուզում. դաշնակցությանը չես հավանում, որ Հայաստանն ազատեց, անկախ պետություն ստեղծեց, այժմ էլ պաշտպանում է արտաքին թշնամիներից, կռվում է ամեն բան ավերող ու քանդող բոլշևիկների դեմ, երկրի ներսը մաքրում է օտար տարրերից, մեր երկիրն այժմ ճանաչված