Է այնպիսի մի հզոր պետության կողմից, որպիսին Անգլիան է. վաղը մյուս օրը կջնջենք բոլշևիկներին և մեզ համար ազատ կապրենք, էլ ի՞նչ ես ուզում, ի՞նչը չես հավանում, ուզում ես, որ բոլշևիկները գան մեր ազատությունը խլեն, դարձյալ Ռուսաստանի լծի տակ մնանք, մեր կանայք ու աղջիկներն ռուսների հետ ամուսնանան, ազգը կործանվի՞...
— Ես դեմ եմ բոլշևիկներին, բայց առանց Ռուսաստանի չենք կարող ապրել, հասկանո՞ւմ ես, մեր երկիրը կապված է նրան թե՛ տնտեսապես, թե՛ կուլտուրապես,— ասաց Մուշեղը։
— Լա՛վ, ասենք, թե հենց քո ասածն է, իսկ եթե այդ երկրում հիմի տեր ու տիրականը բոլշևիկներն են, ի՞նչ անենք, չկռվե՞նք, թողնենք, որ մեր նոր բացված ծաղիկը տրորեն, մեր հայրենիքը գան սրի՞ քաշեն...
— Ինչու են սրի քաշում, Ադրբեջանին սրի՞ քաշեցին։ Իսկ ինչո՞ւ ձեր Անգլիան Տաճկաստանի դեմ դուրս չեկավ կռվի, որ հայերիս ազատի...
— Որովհետև... Նրա համար որ... Անգլիան հեռու էր, չէր կարող ժամանակին օգնության հասնի։
— Խորովածիդ թիքեն կեր, խորովածիդ թիքեն, չսառչի, բթամիտ աշակերտի պես վարժապետիդ տված դասն էլ չես կարողանում մարդավարի կրկնես,— հեգնեց Մուշեղը։ —Հեռու էր բա՜ս, հեռու էր, հեռուն քու միտքն է, որ էդ հարցերին չի կարողանում մոտենա...
— Երկինքը վկա, որ վաղը քեզ կոմիտեի ձեռքն եմ տալու բլբլիչդ տակիցը կտրի։
Լավ պահեցեք վերի դիրքը.
Բոլշևիկի կովը կերեք,
Կուպրը պարելով ու երգելով գինին բերեց: Վեճն ընդհատվեց։ Գինին շուտով կատարեց իր բարերար գործը։ Վիճողներն ամեն մի մանր-մունր հաշիվ մոռացած՝ համբուրվեցին։ «Տղերքը» գլուխներն օրորելով՝ շարվեցին բուխարու շուրջը, քուն մտան։