Այս էջը հաստատված է

— Ջահել ժամանակդ էլ սուտ խոսելիս ես եղե՞լ, թե նոր ես սովորել...

— Սուտը շան փեշակ ա, ես սուտ խոսող չեմ։

— Ղարավուլներից բացի, էլ ուրիշ մարդ ջաղացումդ եղե՞լ է, թե մենակ ղարավուլներ են եղել։

— Կուպրն էլ էր էստեղ։

— Կո՞ւպրը։

— Հա՛։

—Նա ի՞նչ էր շինում։

— Միս էր բերել ղարավուլների համար։

— Հետո ի՞նչ ելավ Կուպրը, նա էլ ա քնա՞ծ։

— Չէ՛, նա գնաց։

— Ո՞ւր գնաց։

— Գիտեմ ոչ։

— Սրան չթողեք, որ տեղից շարժվի,— պատվիրեց խոսողն ու ներս մտավ։

Մյուս ձիավորները իջան ձիերից, Անտոնին առան իրենց մեջ, կանգնեցին դռան շեմքում։

Ներս մտնողը մոտեցավ քնածներին, ոտով հրեց, որ վեր կենան, և մինչդեռ նրանք ճրրալով տրորում էին գինուց ու քնից ուռած աչքերը, նա հոտոտեց փարչն ու կուլեն։

— Աֆֆերիմ տղերք, լավ եք քեֆ արել,— ասաց նա ու դեմքը խոժոռեց։

— Էդ դո՞ւ ես, Վահան, ի՞նչ կա, քեֆ, չէ մի աստծու կրակ, սաղ գիշեր ջաններս դուրս եկավ ցրտումը...

— Դրուստ ա, ջաղացպանն էլ ասեց։

— Ինչ ասեց։

— Ինչ որ արել եք, էն ասեց, ի՞նչ պիտի ասեր։ Չեք ամաչո՞ւմ, ձեզ պահապան են նշանակել, դուք ամբողջ գիշեր գինով ու խորովածով տրաքվել եք։

— Հա՛, ի՞նչ է, աշխարհ հո չի՞ կործանվել, մի-մի բաժակ գինի ենք խմել, էլի՜...

— Գինին որտեղի՞ց էր։

— է՜, շատ երկարացրիր բանը. գինին որտեղից էր, հացը որտեղից էր, միսն ով տվեց, ջուրն ով բերեց, չի լինի՞ մի հարցնես, թե մեզ ով ծնեց ու ինչու ծնեց․․․