— Վեր կացեք գնանք, քննությունը հետո կկատարենք,– ասաց Վահանը և առաջ անցավ դեպի դուռը։
— Գնանք, գնանք, թող քո ասածը լինի։
Փեշերը թափ տալով ձիերը դուրս քաշեցին «տղերքը», հեծան։
— Ջաղացիդ դուռը փակիր ու առաջ անցիր,— պատվիրեց Վահանը Անտոնին։
— Բա ջաղացս անտե՞ր մնա...
— Շատ մի խոսիր։
Անտոնը ջաղացի դուռը փակեց ու գլուխը կախ ձիավորների առաջն ընկավ։ «Տեսնես ո՞ւր են տանելու,— մտածում էր Անտոնը։ — Յարաբ Կուպրը տեսնես որտե՞ղ ա...»:
Գնում էին դեպի գյուղ։
Ամբողջ ճանապարհին ձիավորները ոչինչ չխոսեցին։ Միայն մի անգամ՝ Վահանն ասաց մյուսներին.
— Բոլշևիկների ագենտը ձեզ հարբեցնում է, որ շնթռեք, ճանապարհն անտեր թողեք, որ զենք տեղափոխեն կամ թռուցիկներ տարածեն, դուք էլ միամիտների պես ջաղացում վեր թափված լակում եք։
— Ո՞վ է էդ ագենտը, ի՞նչ ես երեխա-երեխա խոսում։
— Ագենտը, ձեզ համար միս ու գինի բերողն է, որ իրեն հիմարի տեղ դրած, ձեզ էշացրել է։
— Կո՞ւպրը... հա՛, հա՛, հա՛...
— Ձեններ՛դ կտրեցեք։
Գնում է Անտոնը, մտքում հազար ու մի ծրագիր քաշելով, թե ինչ պատասխան է տալու հարցուփորձի ժամանակ, ստեր է հորինում, չեղած պատմություններ ծրագրում, իրեն– իրեն հերոսանում է, հայհոյում գոյություն ունեցող կարգերը, մինչև անգամ ապտակում է իշխանավորներին, որի համար նրան տանում են գնդակահարելու, իսկ ինքը համարձակ նայում է մահվան աչքերին և գոչում. «Կեցցե բոլշևնիկը», բայց մեկ էլ ընկճվում է, մտածում, որ ինքը ողջ գյուղի առաջ ծաղրուծանակի առարկա է դառնալու, մեծ ու փոքր թքելու են իրա վրա, որ էդ հասակում սարսաղվել է, խելքը տանուլ տվել, ընկել ջահել-ջուհուլների ետևից, հիմարացել, շաշ Կուպրի հետ ընկերացել... Չլինի՞ էս ամենը՝ երազ էր, սուտ, հնարովի բան։ Ամենն էլ սուտ, հեքիաթի