մի սեղան, վրան թղթեր, թղթեր, ոմանք փռված, ոմանք իրար վրա դասավորված, գրիչներ ու թանաքաման։ Սեղանի շուրջ նստած են երեք հոգի, որոնցից մեկը, մեջտեղի նստածը երկար ու թավ բեղերով մի մարդ է, մազերը չալած, իսկ մյուս երկուսը ջահել են։ Տան անկյունում իրար վրա թափված հրացաններ կան, մոտները կախված փամփշտակալներ, գետնին ճիշտ նույնպիսի, ցինկից շինած արկղներ, որոնց նմանը նա աոաջին անգամ տեսավ ջաղացում, և Կուպրը պահեց Սոլոմոնի խոտի դեզի տակ։ Չլինի՞ թե հենց սրանք են, գտել են, բռնվել են և տղաները... Ամեն ինչ կորա՞ծ է... Չլինի՞ թե Սոլոմոնը ճշմարիտ է ասում, որ ամեն բան գիտեն, այժմ ինքն ի՞նչ է ասելու, պատմի ամեն մի եղելություն իր մանրամասնություններով, թե չէ... Չէ՛, Անտոնը ոչինչ չգիտե, ոչ ոքի չի տեսել, հաստատ վճռում է իր մեջ... Դռան մոտ կանգնած է մի զինվոր, կարծես դժոխքի պահապան լինի, կարծես սպասում է հրամանի, որ իսկույն հրացանազարկ անի Անտոնին։ Լուռ են ամենքը, ոչ ոք չի խոսում։ Այս խորհրդավոր լռությունն ավելի է ճնշում Անտոնին։ Նա կանգնած է իր իսկ սեփական տան տեղը, հիշում է իր ողբերգական անցյալը, հիշում է իր տունը, կնոջը, երեխաներին, սիրտը փղձկում է, քիչ է մնամ լա, հեկեկա։ Իր քաշած լավ օրերի, երջանիկ տարիների պատկերները գալիս, անցնում են նրա երևակայության առաջով, բերկրանքով ու վշտով լցնում նրա տանջված սիրտը, իսկ սենյակում տիրող սև ու մռայլ լռությունն էլ ավելի է ծանրանում նրա տառապանքներով լի հոգու վրա։
Անտոնի ներսն ինչ-որ բան է գալարվում, ինչ-որ բան է ճռնչում... Դա նրա վշտի շղթան է, որի ամեն օղակը շարժվելիս, Անտոնին թվում է, թե աղիքներն են գալարվում և ուր որ է դուրս կթափվեն, շունչը կկտրի և Սոլոմոնից դեռ իր վրեժը չլուծած կմեռնի... Սոլոմոնը կտրորի նրա անշնչացած մարմինը, կապականի դիակը և կտոր-կտոր անելով շների առաջը կգցի։ Ախր ինչո՞ւ էն գիշերը, երբ Արմենն առաջին անգամ եկավ ջրաղաց, նա չկարողացավ համոզել իր թոռանը, որ միասին գան, շան սատակ անեն Սոլոմոնին...