Լռությունն ընդհատեց Վահանը, որ ներս մտնելով դիք ցցվեց և զեկուցեց.
— Երբ տեղ հասանք, ջաղացի դուռն ամուր փակած էր, հազիվ զարթեցրինք այս ծերունուն, որը դուռը բաց արավ ու հայտնեց, որ տղերքը քնած են ջաղացում և որ, իբր թե, նրանք ամբողջ գիշեր հերթով պահակ կանգնած, հսկել են մեծ ճանապարհը։ Երբ ներս մտա ջաղաց, տղերքը քնած էին այնպես, որ կարծես թե մեկը նրանց ականջները հալած արճիճ էր լցրել, որ ոչ մի ձայն չլսեն։ Առաջները թափված խորովածից մնացած ոսկորները և գինու դատարկ փարչն ու կուլեն վկայում էին, որ նրանք գիշերը մինչ լուսաբաց քեֆ են արել, հարբել ու գլուխները կորցրած քուն մտել։
— Այդպե՛ս, այդպե՛ս,— մռլտաց խմբապետը և թավ բեղերը ոլորեց։
— Ջաղացում, բացի այս չորսից, որոնց կալանավորել ու բերել ենք, եղել է նաև մեզ հայտնի Կուպրը։
— Իսկ այդ Կուպրը բռնվա՞ծ չէ,— հարցրեց խմբապետը։
— Ո՛չ։ Նա իր գործը կատարելուց հետո անհետացել է, որի ուր լինելը ոչ ոք չգիտե, մի քանի հոգու ուղարկել եմ զանազան կողմեր, որ գտնեն։
— Լա՛վ, գնա՛, առայժմ ազատ ես։
— Լսում եմ,— ասաց Վահանը և պատվի առնելով դուրս գնաց սենյակից։
— Արձանագրեցեք ամեն մի բառ, ինչ որ կլսեք,— ասաց խմբապետը, ապա տեղից ելնելով մոտեցավ Անտոնին։
Սեղանի մոտ նստած երիտասարդները թուղթ ու մատիտ պատրաստելով՝ աչքերը հառած Անտոնին, սպասում էին, որ արձանագրեն նրա ասածները։
— Անունդ ի՞նչ է,— հարցրեց խմբապետը։
— Անտուն։
— Անտո՞ւն...
— Հրաման քեզ, անտուն։
— Մարդավարի խոսի, անտուն անուն չկա հայոց անունների ցուցակում։
— Դե՛, առաջ, քանի էս տան տեղն իմ տունն էր, անուն էլ ուրիշ էր, հիմի որ ո՛չ տուն ունեմ, ո ՛չ տեղ, անտուն չեմ բա ի՞նչ եմ։