— Ուրեմն առաջ էս տան տեղը քոնն է եղել, հետո խլել են քեզանից, հիմի էլ դու բոլշևիկ ես դառել, որ տանդ տեղն էլ ետ խլես, էս տունն էլ հե՞տը...
— Չէ՛, աղա, ես ի՞նչ եմ, որ մարդու ձեռից, էն էլ Սոլոմոնի պես զոռբա մարդու ձեռից, տուն խլեմ. ես մի խեղճ ու կրակ ջաղացպան եմ, աշխարհիցս բեխաբար, էսօր կամ, էգուց չկամ, մի ոտս գերեզմանումը մարդ եմ, ի՞նչ իմ գործն ա, որ աշխարհիս խեր ու շառին խառնվեմ։
— Լա՜վ... Շատ խելոք ես խոսում։ Հիմի ասա տեսնեմ, թե տղերքը ոնց քեֆ արին էս գիշեր, պատմի, մի վախենա։
— Վախենալու ի՞նչ կա, որ վախենամ, էնքան ցավ ու կրակ ա անցել գլխովս, որ վախլանց եմ ելել, ինձ հո ուտելու չեք։ Հա՛, տղերքը, դե՛ սոված ու մրսած տղերք են. էլի դուք միս էիք ուղարկել Կուպրի ձեռքովը, նրանք էլ խորովեցին կերան, հու սովա՞ծ չէին մնալու։
— Իսկ գինի՞ն որտեղից էր։
— Գինին էլ Սոլոմոնի կարասիցն էր։
— Իսկ ո՞վ էր իրավունք տվել, որ Սոլոմոնի կարասը բաց անեք։
— Իրավունք... իրավունքը սոված ու ծարավ փորն էր տվել, ո՞վ պետք ա տար։
խմբապետը զարմացած Անտոնի տված պատասխաններից, ետ նայեց տղաների կողմը, որոնք նույնպես զարմանքով դիտում էին Անտոնին ու խմբապետին, կարծես հասկացնել տալու համար վերջինիս, որ պինդ բռնի գործը, քանի որ խելքը գլխին մարդու հետ գործ ունի։
— Նստիր,— ասաց խմբապետը,— պառավ մարդ ես, հոգնած կլինես, նստի՛ր, էնպես խոսենք։
— Շնորհակալ եմ, դու նստի, քեզ ա լայեղ էս տեսակ օթախը։
— Քանի՞ տարեկան ես։
— Միտս չի, դավթարս կորել ա. հոգեառն էլ ա ինձ մտահան արել, թե գա հոգիս առնի, բալքի պրծնեմ էս աշխարհի երեսին մարդկանց նեղութին տալուց։
— Ո՞վ ունես էս գյուղում, բարեկամ, ազգական...
— Ոչով չունեմ, աղա, քյասիբ մարդուն բարեկամ-ազգական կունենա՞... Բարեկամն ու ազգականը բողազի հետ