Այս էջը հաստատված է

— Դրանցից ո՞րն էր հայհոյում մեզ։

— Չեմ իմացել։

— Չես իմացե՞լ... Հրես կիմանաս,— ասաց խմբապետը և դառնալով դռան մոտ կանգնած պահակին, պատվիրեց,— Ավետիսին կանչի։

Ավետիսը ներս մտավ, փափախը վերցրեց գլխից, դրեց թևի տակին ու մորուքը շփեց։

— ճանաչում ես էս մարդուն։

— Как же,— պատասխանեց Ավետիսը,— սա մեր ջաղացպան Անտոնն ա։


— Դու էլ ճանաչո՞ւմ ես սրան։

— Ո՞նց չէ, աղա, մեր Ավետիսն ա։

— Ավետիս, էս համառ մարդը չի ուզում խոստովանել, որ Չատին ու Միդին մեր կառավարությանը հայհոյել են, ի՞նչ կասես։

— Как же, как же, հայհոյել են, ջաղացում, Անտոն բիձա, բա միտդ չի՞, դու հո մեղք չունես, ասա, էլի, բա ուշունց չtվի՞ն։

— Նրանք որ ուշունց են տվել, էդ դու ես ասում, իմ միտը չի, համա Ավետիս, մի՞տդ ա, որ ասեցիր — «Մեխակ վարժապետ մի ասիլ ու ցավ ասա, չոռ ասա, երեկվա գյադեն մեր գլխին կոմիտե ա դառել, դաշնակցության կոմիտե, ու ինչեր ասես չի անում...» ու էս ղայդի շատ-շատ բաներ, հիմի, աղա, ասա տեսնամ ո՞վ ա ուշունց տվել, սա՞, թե նրանք...

Ավետիսը կարմրեց, դեղնեց, գույն տվեց, գույն առավ, իսկ խմբապետը չէր իմանում, որին հավատա։

— Ես էդ ղայդի բաներ չեմ ասել,— կմկմալով ուրացավ Ավետիսը։

— Աղա ջան,— վրա բերեց Անտոնը,— թե վկադ սա ա, լավն էն ա, ինձ էլ խոսացնես ոչ. էս ղայդի օխտն աղվեսի պոչից մազ պոկած մարդուն որ դու հավատում ես ու ինձ էլ սրա խոսքով սուտ դուրս բերում, լավն էն ա ինձ սաղ-սաղ թաղես, որ սրա սև երեսը տենամ ոչ, սրա ձենը լսեմ ոչ։

— Երկսին էլ դուրս տար և Սոլոմոնին ներս ուղարկիր,— կարգադրեց խմբապետը։