Դռան մոտ կանգնած պահակը կատարեց խմբապետի հրամանը։ Սոլոմոնը ներս մտավ։
— Սոլոմոն,— դարձավ նրան խմբապետը,— էս քո ջաղացպանից ոչինչ չիմացվեց, ինչպես երևում է ոչինչ էլ չենք իմանալու, բայց հետաքրքրականն այն է, որ նա էդ քո Ավետիսին մեղադրեց հակակառավարական գործի մեջ, որի տակից չկարողացավ դուրս գա Ավետիսը։ Սա ի՞նչ հանելուկ է։
— Իմ ջաղացպանը որ օձի պոչ կծած ա, էդ ես լավ գիդամ, ինչ վերաբերում ա Ավետիսին, նա հավատարիմ մարդ ա, էս սաղ գիշեր նա ա ջաղացի անցուդարձին հետևել ու գաղտնիքը բաց արել։ Անտոնը ոչինչ չի ասիլ, մինչև հուպ չտանք, շունը շան ոտը չի կոխիլ։ Էնպես էլ Անտոնը քյասիբի դեմ չի գնալ։ Մի քիչ հուպ տու։
— Այսինքն՝ ի՞նչ անեմ։
— Ծեծի, բանտարկի, չարչարի...
— Չէ՛, Սոլոմոն, էդ մեկը հիմի չի կարելի անել, ժողովուրդը շատ կգրգռվի, երբ իմանա, որ անմեղ ծերունուն ծեծել ենք, ուրիշ հնար պետք է գտնել։
— Բանտարկի։
«Հը՜մմ» արավ խմբապետը, դեմքը կնճռեց, հոնքերը կիտեց։
—Ներս բեր ջաղացպանին։
Անտոնը կրկին կանգնեց խմբապետի առաջ։
— Խի՞ չես դուզն ասում, այ Անտոն, չես իմանո՞ւմ, որ ահեղ դատաստանի առաջ ես կանգնած,— ասավ Սոլոմոնը:
Անտոնը ոչինչ չպատասխանեց։
— Ինչո՞ւ չես խոսում,– հարցրեց խմբապետը։
— Ես մարդու հետ կխոսամ,– զուսպ զայրույթով պատասխանեց Անտոնը։
— Տո՛, շո՛ւն, ես մարդ չե՞մ, շո՞ւն եմ, դե արի ու էս տեսակ շներին լավություն արա,– զայրացած ասաց Սոլոմոնը և քիչ մնաց հարձակվի Անտոնի վրա։
— Սպասի՛ր, սպասի՛ր, Սոլոմո՛ն։ Դուք ինչպես երևում է հին հաշիվներ ունեք միմյանց հետ, այստեղ այդ հաշիվները մաքրելու տեղը չի։ Լսիր, ջաղացպան, քեզ կարող ենք բանտարկել, եթե չասես, թե ինչ են խոսել Միդին ու