ուզում ես, էս սհաթիս շորերս հանեմ, վրես մի կուժ սառը ջուր ածա, ուզում ես, տկլորվեմ, մտնեմ վառվող թոնիրը։
— Շա՞շ ես, թե մեզ ես շաշի տեղ դրել,— զայրացավ խմբապետը։
— Շաշ եմ, շաշի հետ, խելոք եմ, խելոքի հետ, խոզի կշտին՝ թռչուն եմ, լապստրակի կշտին... բըռ՜ռ՜ռ՜... խմբապետ եմ...
— Ձա՚յնդ, լիրբ անամոթ։
— Ձա՛յնդ, լիրբ անամոթ,— կրկնեց Կուպրը խմբապետից ավելի ուժեղ գոռալով։
— Դուրս տարեք այս սրիկային։
— Տուն բերիք ինչ խեր տեսաք, թե հիմի դուրս տանեք, ինչ օգուտ տենաք... հի՜, հի՜, հի՜, հի՜,— ձիու պես սկսեց խրխնջալ Կուպրը և ոտները գետին դոփել։— Հեռու կաց, քացի կտամ,— ասաց նա մոտեցող զինվորին և ինքը ցատկեց դուրս ու սկսեց պատշգամբում պարել։
— Դու ինչ կապ ես ունեցել Կուպրի հետ, ասա, թե չէ...— զայրացած վրա պրծավ Անտոնին խմբապետը։
— Ի՞նչ կապ. ես հո շաշ չեմ, որ շաշի հետ կապ ունենամ։
— Բայց նա ինչո՞ւ էր շուտ-շուտ ջաղաց գալիս քեզ մոտ։
— Քեզ եմ հարցնում, ինչի՞ էր գալի, շաշի առաջ գեղի ամեն դուռն էլ բաց ա, ես հու ջաղացի դուռը նրա առաջ կողպելու չի...
— Տարե՛ք, երկուսին էլ բանտարկեցեք,— հրամայեց խմբապետը։
Զինվորն առաջն արավ Անտոնին ու Կուպրի հետ միասին տարավ դեպի Սոլոմոնի գոմը։
Դուրսը հավաքված գյուղացիք աղմուկ բարձրացրին։
— Էս խեղճ քյասիբից ի՞նչ են ուզում։
— Էս շաշին ուր են տանում։
— Բոլշևիկը սրա՞նք են...
— Էս էլ Միդինի ու Չատինի նա՞ղլն ա...
— Եկեք գնանք, պահանջենք, որ Անտոնին ազատեն...
— Դե՛ որ Կուպրիցն էլ վախենում են, էլ ի՞նչ կառավարություն ա սա...
— Անտոնին ազատեցեք, Անտոնին ազատեցեք...