Այս էջը հաստատված է

Խմբապետը թեև դուրս եկավ պատշգամբ, որ բացատրություններ տա, բայց խալխը չլսեց․ նա պահանջում էր անմիջապես ազատել Անտոնին։

— Չի՛ կարելի,— ասաց խմբապետը և կարգադրեց, որ ուժով ցրեն աղմկարարներին։

— Սոլոմոն, եթե սրանք են բոլշևիկների ագենտները, սխալված ենք, մեկը խելագար, իսկ մյուսն աշխարհից անտեղյակ համառ ծերունի,— սենյակ մտնելով ասաց խմբապետը։

— Էդ լավ ես ասում, համա ես կարծում եմ, որ Անտոնին պետք ա հուպ տալ։

— Անձնական հաշիվներով ես առաջնորդվում, ես այդ բանն անել չեմ կարող, իսկ հասարակությունն ավելի է բորբոքվում։

— Էն ժամանակ բաց թող։ Թող էլի գնա ջաղացը, մենք ծածուկ հսկող կնշանակենք, իմ կարծիքով էդ ջաղացում ինչ-որ բան ա կատարվում։

— Իսկ Կո՞ւպրը։

— Կուպրին պետք ա պինդ պահես, նա թռուցիկ էր ման ածում։

Գիշերը կոմիտեն նիստ ուներ։ Չափազանց տաք վեճ էր բացվել բանտարկյալների շուրջը։ Ջաղացում հարբեցող տղաներից երկուսին որոշեցին ուղարկել կենտրոն, իսկ Մուշեղին առան հսկողության տակ, որովհետև նա ավելի կասկածելի էր հենց սկզբից։ Որոշվեց Չատինին ու Միդինին նույնպես հսկողության տակ պահել, իսկ երբ հարցը դարձավ Կուպրի և Անտոնի շուրջը, կեսգիշերն անց էր, երբ մեկ էլ էն տեսան Կուպրը երգելով ու պարելով գալիս է դեպի շտաբը։

— Սա՞ ինչ հանելուկ է։

Կուպրը բարձրացավ վերև, մտավ ներս և հայտարարեց.

— Ես գեղի հոգուն մատաղ, գեղացիք եկան, ձեր ղարավուլին բռնեցին, զենքը ձեռից խլեցին, գոմի դուռը կոտրեցին, ինձ ու Անտոնին ազատեցին։ Էս ես, հրես եկել եմ, Անտոնն էլ հրեն գոմում նստած, չի փախչում, ասում ա․ «էս աշխարհում օրենք կա, դիվան կա, ինձ գոմն են գցել, թող իրանք էլ ազատեն»։ Ես շաշ եմ օրենք-մօրենք չեմ