ճանաչում, հրես էսա գնում եմ իմ բանին, դուք գիտաք նա, ինչ կուզեք արեք։
Ով էր գոմի դուռը կոտրողը, ով չէր, էնպես էլ չպարզվեց։ Գյուղն էր, գնա ու բռնի։
— Մնաք բարով, չասեք թե Կուպրը փախավ,— ասաց Կուպրը և այնպիսի արագությամբ դարս թռավ սենյակից ու խավարի մեջ անհետացավ, որ ետևից գնդակ չէր հասնի։
Կրակեցին Կուպրի ետևից, գյուղն իրարանցում ընկավ, վազեցին թե ճանապարհները փակեն, բայց էլ ո՞վ կբռներ Կուպրին։ Վազեցին դեպի գոմը. լուցկի վառեցին։ Խավարի մեջ նստած էր Անտոնը մեն-մենակ։
— Դո՛ւրս եկ,— հրամայեց խմբապետը։
Անտոնը դուրս եկավ։
— Դուռն ո՞վ կոտրեց։
— Գիտեմ ոչ։
— Շատվո՞ր էին…
— Տեսա ոչ։
— Քեզ չառաջարկեցին, որ փախչես։
— Ասեցին։
— Ինչո՞ւ չփախար։
— Ո՞ւր փախչեի, փախչելա տեղս իմ ջաղացն ա, որ գնայի էլի կբռնեիք, կբերեիք էստեղ ու հաստատ կվճռեիք,որ ես բոլշևիկ եմ։
— Բա մի մարդ էլ չճանաչեցի՞ր։
— Չէ′ ։
— Չոռն ու զահրումարը քեզ։
— Շնորհակալ եմ ձեր պատվից։
— Լեզուդ ծոծրակովդ կհանեմ, թե մեկ էլ էդպես խոսես։
— Շատ էլ լավ կանես, սա էլ լեզու չի, որ գլխիս կրակու փորձանք ա դառել։
Անտոնին խիստ հսկողության տակ առած տարան շտաբ։
— Լսի՛ր, ծերո՛ւկ,— ասաց խմբապետը,— քեզ նորից կուղարկենք ջաղացդ, էս անգամ ներում ենք, միայն մի պայման կա, ով որ այսուհետև գա քո ջաղաց, պետք է իսկույն մեզ հայտնես, իմացա՞ր։
— Լավ իմացա, համա... ես ո՞նց ջաղացս ամեն անգամ անտեր թողամ ու գամ ձեզ իմաց անեմ։