Այս էջը հաստատված է

քանի թվանք ենք կրակ տալու, որ խմբապետների ուշքն էն կողմը գցենք, ջաղացը կասկածանքի տակից ազատենք։ Էգուց գիշեր էլ էն մեկ էլ կողմն ենք մի քանի տղա ղարկելու, որ ղարավուլների վրա սուտ կրակ տան, խմբապետների ու կոմիտեի միտքը շեղելու համար, երբ որ բոլորովին համոզվենք, որ էս ջաղացին էլ ուշք դարձնող չկա, երկու օրից հետո մի քանի ձիավոր զենք կբերեն, կպահես։ Մենք գործն էնպես կսարքենք, որ էս մեծ ճամփի ղարավուլը մեր գեղիցը դնեն։ Էս իրիկուն մեր գեղում ժողով կա, մենք ասելու ենք, թե ձեր գեղը բոլշևիկի գեղ ա, նրան չենք հավատում. պահանջելու ենք, որ ղարավուլը մեր գեղիցը ղարկեն, էդ ղարկող ղարավուլն էր մեր տղերանցից կլեն, հավատարիմ, բոլշևիկ տղերք, նրանք կգան քեզ մոտ, ուրիշների կշտին ուշանց կտան բոլշևիկներին, դու էլ նրանց հետ մեկտեղ ուշանց տու, անիծի։ Վախիլ մի, ժամանակը մոտեցել ա, ամիսը չթամամած, կռիվները կսկսվեն, սրանց հերը կանիծենք։ Դրսից մեր օգնությանը զենքն ա, որ մարդ էլ չգա, մեր գեղումն էնքան ծածուկ բոլշևիկ կա, որ հերիք կանի աղալարներին փրթելու համար։

Միկիչն այնպիսի արագությամբ վրա տվեց, որ Անտոնն իսկի ժամանակ էլ չգտավ մի կարգին նայելու խոսողի դեմքին, երբ ջաղացի դուռը բացվեց ու ներս մտավ խմբապետի շտաբում նստած գրագիրներից մեկը. Միկիչն անմիջապես խոսքը փոխեց.

— Ես ի՜նչ ասեմ ձեր գեղի նամուսին, դիփ բոլշևիկ են դառել, ազգը ծախել, հալբաթ որ քեզ էլ կբռնեն ու կչարչարեն։ Ափսոս չի մեր գե՞ղը... մերով-մանուկով դաշնակ են. անջախ հայոց ազգն ազատվել ա, ձեր գեղացիք ուզում են, որ էլի ռուսի պրիստավը գա կաշիներս մաշկի։

— Բարև ձեզ։

— Բարով, հազար բարի,— պատասխանեց Միկիչը։

— Ի՞նչ մարդ ես, ո՞վ ես, ի՞նչ գործ ունես էս ջաղացում...

— Եկել եմ էս ջաղացումը, գինու, արաղի դուքան բացանեմ, ասում են խմբի տղերքը լավ են խմում։

— Քեզ մարդավարի բան եմ հարցնում։