— Դե՛, թե գալիս ա, թող մի օրով էլ շուտ գա, էլ ո՞ւմ ճամփեն ա պահում...
— Նրա ճամփեն ա պահում, որ դու հասկանաս քու խերն ա շառը, իմանաս, որ բոլշևիկը քեզ դուշման չի, մեզ դուշման չի...
— Ախպեր, հասկացել եմ, մին էլ վրովն եմ հասկացել, թող գա էս կրակիցն ազատի...
«Խմբի տղաները», ինչպես գյուղացիք էին ասում, մոտեցան և խոսակցությունն ընդհատվեց։
Հետևյալ գիշեր նույնպիսի մի պատմություն ծագեց հարևան գետի վրա, սահմանապահների դիրքի մոտ, բայց այս անգամ հրացանաձգությունն ավելի երկար տևեց, որը հիմք տվեց կոմիտեին ու շտաբի պետին ենթադրելու, թե բոլշևիկներն իրենց ուժերը կենտրոնացրել են այն կողմը, ուստի իրենք ևս պետք է պահակն ուժեղացնեն այնտեղ, ուրիշ տեղերի դիրքերից խմբեր տեղափոխեն և օգնական զորքի պահանջ ուղարկեցին կենտրոն։
Անտոնի ջաղացը մոռացվել էր, նա այլևս առանձին վտանգ չէր ներկայացնում իրենից, մանավանդ որ կատարված ձերբակալությունների և սրա հետ կապված հարցաքննությունները ոչ մի հետևանք չունեցան, ոչինչ չպարզեցին։
Անտոնի ջաղացն անսովոր շարժման մեջ էր. ամեն գիշեր մեկ կամ մի քանի հոգի էին գալիս «Արմենի մոտից», հրացան ու փամփուշտ էին բերում ու իրենք ետ գնում։ Անտոնը նրանց հաղորդում էր այն մանրամասնությունները, որ գիտեր կառավարական զորքի քանակի ու զինամթերքի մասին։ Ցերեկները սովորաբար աշխատում էր ճամփով անցուդարձ անողներից նոր տեղեկություններ քաղել, ստուգել իրերի անցուդարձը, որպեսզի ընկերներին իրազեկ պահի ամեն բանի մասին։
Սոլոմոնի խոտի դեզի տակը կատարյալ զինապահեստ էր դառել. արդեն հարյուր հատ հրացան կար, բավականաչափ փամփուշտ և ձեռքի ռումբեր։
Խմբերից ու խմբապետներից զատ՝ կառավարական նոր զորք էր եկել, որը հիշեցնում էր ցարական ժամանակները,