Այս էջը հաստատված է

հազիվ նշմարվում էն պոչավոր լույսեր, որոնք անմիջապես հանգչում են, կարծես իրար վրա հարձակվող լուսատիտիկներ լինեն։ Բայց ահա մի սոսկալի որոտ, կարծես երկինքը փուլ եկավ։ Անտոնը դեռ իր կյանքում այդպիսի ձայն չի լսել։ Նրա ոտներն ակամայից սկսեցին դողալ, ատամները չխկչխկում են, շունչը սպառվում է, կարծես վառոդի ծուխ են լցնում նրա քիթ ու բերանը, թեև հրացանները և թնդանոթները հեռվում են պայթում, բայց նրան այդպես է թվում։ Ահա նորից որոտաց թնդանոթը։ Անտոնը մի րոպե սառավ, փետացավ, բայց քիչ հետո ուշքի գալով, մտքում հազիվ ասաց՝ «սկսվեց» ու սոթ տալով, գլորվելով իջավ ցած, մտավ ջաղացն ու դուռը պինդ փակեց։ «Տեսնես ինչ է լինելու սրա վերջը, ով է հաղթելու...»։ Էլ Անտոնի աչքը քո՞ւն կգա...Կծկվել է ջաղացի անկյունում, մտել է ցորենի մեծ կոտի ետևը, կարծես ավելի ապահով տեղ լինի որոնելիս․ աչքը դես-դեն է ման ածում, շոշափում մարմնի զանազան տեղերը, նրան թվում է, թե գնդակները պատը ծակելով իրեն են կպչում... Լեզուն կապ է ընկել, բայց միտքը չի դադարում գործելուց, նա շարունակ մի բան է կրկնում. «Թող գան, գան էս շներին քշեն, բալքի ջաններս դինջանա, արդար կռիվն էլ լավ ա, ով որ գալիս ա խեղճ մարդուն Սոլոմոնների պես գելերից ազատի, թող գա, թող կոտորի... Թող գան մեզ ազատեն...»։

Կռիվը քանի գնում սաստկանում է, առաջին սարսափն անցել է, Անտոնը սովորել է թնդանոթի ձայնին, էլ չի վախենում։ Դուրսը մեծ աղմուկով ու հրացան արձակելով ձիավորներ են գնում օգնության։ Անտոնը դուրս է գալիս ջաղացից, որ թամաշա անի։ «Հե՜յ գիդի ջահելութին... ղուշ դառնայի թռչեի մերոնց մոտ, տենաս հիմի Արմենս, Արսենը, Կուպրը ո՞րդի են...»։

Լուսադեմին կռիվն ավելի սաստկացավ, թնդանոթներն ավելի ուժգին են որոտում, բայց երկու կողմն էլ համառ են, ոչ ոք չի կամենում զիջել իր դիրքերը։ Լուսացավ, ձյունը կտրեց, արևը թույլ ճառագայթներով շոյում է նորեկ ձյունը, հալք, թփերի վրա թառած ձյունի քուլաներն արտասվում են, կռիվը դադարել է. հատուկենտ ձիավորներ են երևում, որոնք գնում են դեպի գյուղ, երևի լուր հադորդելու։ Անտոնը