Այս էջը հաստատված է

— Սոլոմոնին իմաց արեք, ջաղացնու ջաղացի կշտի խոտի դեզն էրվո՜ւմ ա, էրվո՜ւմ ա... Հե՜յ, էրվում ա... Խոտի դեզն էրվո՜ւմ ա... Սոլոմոնի խոտի դեզն էրվո՜ւմ ա...

Սրան իբր պատասխան Արսենի սարի վրայից մեկ ուրիշ ձայն, ավելի ուժեղ, քան առաջինը, ազդարարում է.

— Է′հե՜յ, փախե՜ք... Բոլշևիկը մեր թիկունքը կտրել ա՜, բոլշևիկը մեր թիկունքը կտրել ա՜...

«Ա՜ ...ա՜ ...ա՜ ...ա՜ ...» արձագանքում է ձայնը, մտնելով ձորերն ու խութերը։ Ձայնը շարունակում է իր սարսափելի ելևէջները, որին միանում են այս ու այն կողմից պայթող հրացանների ճարճատյունները։ «Մեր տղերքն են,— մտածում է Անտոնը,— հալբաթ Արսենը հրաման տվեց»։

Դիրքերում կռիվը սաստկացավ, այնտեղից էլ են լսվում ինչ-որ աղաղակներ՝ «ա՜...ա՜...ա՜...»։ Անտոնին թվումէ, թե երկիր ու երկինք խառնվել են իրար, սոսկալի տարերք է սկսվել, կարծես իր ոտի տակի սարը շարժվում է, ոլորվում... խոտի դեզը կարծես կրակե շարժվող սյուն լինի, որ պատրաստվում է շրջել ու լափել ամեն ինչ... Սոսկալի խլացուցիչ դղրդյուն... Անտոնի ականջները դժժացին, և նա գետին ընկավ, կայծեր են փչվում այս ու այն կողմ, կարծես ինչ-որ աներևույթ հսկա բուռ-բուռ կրակի շեղջեր է շաղ տալիս... Մի դղրդյուն ևս...

— Փախե՜ք... փախե՜ք...— լսվում են աղաղակներ...

Անտոնը նայում է դեզի կողմը, մեկի փոխարեն այժմ մի քանի տեղ է կրակ վառվում։ Անտոնը չի հասկանում, թե որտեղի՞ց են մյուս կրակները...

Խոտի դեզի տակ թողած ռումբերն իրենց գործը կատարեցին։ Դիրքերում սոսկալի խուճապ սկսվեց. կռվողները փախչում են դեպի ետ։

-Զենքերը ցած դրեք,— առաջարկում են փախչողներին։

Խուճապի մատնվածները չեն առարկում, նրանք իսկույն շպրտում են հրացանները, միայն թե իրենց չկոտորեն։ Դիրքերը դատարկվել են, այլևս թնդանոթները չեն որոտում։ Հեռվից լսվում է զինվորական փողային նվագախմբի ձայնը, որ հետզհետե մոտենում է։ Անտոնի ծեր ոսկորները համաչափ շարժվում են, ռազմական քայլերգի հնչյունների