Այս էջը հաստատված է

— Անտոն բիձա, էս գիշեր Սոլոմոնին գնդակահարելու ենք, դրա համար էլ քեզ կանչել եմ, դու խնդրեցիր, որ նրա դատաստանը քեզ տանք, քու ձեռովն անես, մերոնք համաձայնեցին։ Ոչ ոք չպետք է իմանա, դու կըլես, մին էլ մեր կարմիրներից երկու հոգի, հետները կգնաս ու թե որ ուզես ինքդ քու ձեռովը կսպանես։ Համաձա՞յն ես։

Անտոնը միանգամից չկարողացավ պատասխանել։ Նա կարմրեց, սփրթնեց, մարմինը մի տեսակ դողով բռնվեց։

- Հը՛... ի՞նչ սուս կացար։

- Գիտեմ ոչ։

- Բա ասում էիր դատաստանը քեզ տանք։

- Հա՛... ասեցի։

- Դե՛, գնա ու արա, էլի։

- Յանի ասում ես սպանեմ, էլի՛։

- Հա՛-բա՜... Չէ՛, հետը քեֆի ենք ղարկում։

- Լա՛-ա՜վ, կգնամ,- հազիվ արտասանեց Անտոնը։

Կուպրը դուրս եկավ, կանչեց մի պարտիզանի, ինչ֊որ հետը փսփսաց, ապա ներս մտնելով Անտոնին ասաց.

- Դե՛, էս տղի հետ կգնաս։

Դուրս եկան։ Խավարի մեջ ոչ ոքի չէր կարելի նկատել։ Մոտեցան գոմի դռանը։ Պարտիզանն ինչ-որ բան ասաց պահակին, որից Անտոնը ոչինչ չհասկացավ։ Դուրս բերին Սոլոմոնին, ձեռները մեջքին կապած։ Երկու պարտիզան նրան իրենց մեջն առած, հրացանները կրակելու պատրաստ՝ շարժվեցին, Անտոնն էլ նրանց ետևից։

- Ո՞ւր եք տանում,— հարցրեց Սոլոմոնը։

- Խոսելն արգելված է, գնա առանց ձայն հանելու։

- Բայց ես...

- Ձա՛յնդ։

Գնում են լուռ, մինչև անգամ կարծես չեն էլ շնչում։ Գյուղը մրափում, ոչ մի մարդ չկա դուրսը, մեկ-մեկ միայն շներն են մարդահաչ տալիս կամ ոռնում։ Անտոնը հազիվ է ետևներից հասնում։ Գյուղից վաղուց են դուրս եկել, բայց դեռ գնում են, դեպի ո՞ւր, Անտոնն էլ չի կարողանամ որոշել տեղը։ Հասան «Մեծ ձորը», ժայռերի միջի արահետով գնացին մի ավելի մութ տեղ ու կանգ առան։ Խավարի մեջ երկու մարդկային կերպարանք ստվերի պես շարժվեցին։