Այս էջը հաստատված է

Գնում էր Կիկոսը թփերի մեջ ընկնելով, ոտը քարերին տալով, երբեմն անիծելով կնոջը և մտքումը հայհոյելով.

— Որ ասում են՝ կնկա խաթեն անպակաս կըլի, հո սո՞ւտ չեն ասում... Ինձ համար վեր ընկած էի, ասա ի՞նչ էիր ուզում, հը՜... — ապա ընդհատելով ինքն իրեն՝ ասում էր,—բալքի լավն էս ա՞... ինչ լավ եղավ գլուխս չթակեցին...

Մութն էր, երբ հասավ դիրքերին։ Կռիվ չկար։ Ցերեկվա կռվից հոգնած, տղերքը գլուխները իրար ծնկի դրած, հրացանները խտտած հանգստանում էին, բայց երբ Կիկոսին տեսան, ամեն բան մոռացած՝ սկսեցին ծիծաղել ու ձեռք առնել նրան.

— Տղե՛րք, հիմի որ կհաղթենք, սուրբ Կիկոսի զորությամբ,— ձայն տվեց առաջին տեսնողը։

— Տնաշեն, դե մի քիչ շուտ գայիր, էլի՛, էնքան մարդ փչացավ գյուլլի բորանի բերնին...

— Գեներալն եկել ա՞... — մեջ ընկավ մեկ ուրիշը։— Դե պլան քաշի, թե առավոտը որ կողմից սկսենք կռիվը...

Ծափ ու ծիծաղը ընկավ... Կիկոսը լուռ էր, նրան ինչ... Ի՛նչ ուզում են, թող խոսան...

— Թվա՞նքդ ուր ա, թվանքդ... — ձեռք առավ մեկ ուրիշը։

— Ի՞նչ ես սարսաղ-սարսաղ դուրս տալի, գեներալը թվանք կունենա՞, դուրբինը (հեռադիտակ) հետն ա, բոլ ա,էլի՜... Մի տես, է՜, տես ինչ դուրբին ունի ճակատից կպած,աստծու շինած դուրբին, որ համ դբա Թիփլիզ ա մտիկ տալի, համ դբա Բաքու... մի մտիկ անելում երկու քաղաքն էլ վերա ունելու...

— Սոված կըլի էդ եսիրը, մի թիքա հաց տվեք ուտի, մինչև լուսանա, ետ ղրկենք տուն գնա. ի՞նչ եք վրա տվել խեղճ մարդուն, շատ էլ թե չեն իմացել, ղարկել են...— միջամտեց հասակավորներից մեկը:

Կիկոսին կերակրեցին։

Դիրքերում տղերքը հանգստանամ են: Լուռ էր ամեն ինչ։ Կիկոսն էլ գլուխը մի հողի կոշտի վրա դրեց, թե քնի, բայց քունը չտարավ. նրա միտքն զբաղված էր մի բանով միայն, թե յարաբ իր էշն ու կնիկը ի՞նչ եղան, երբ ակամայից լսվեց մի քչփչոց.