Այս էջը հաստատված է

ըլելո՞ւ... էլի քյասիբին ճնշելու չե՞ն... աշխարհս զոռովինը չի ըլելո՞ւ...

— Աշխարհը զոռովինն ա ըլելու, համա էդ զոռը մեզ պեսների ձեռին կըլի... Բայլշևիկի մերը չմեռնի, որ նա մի զոռբա կամ քյոխվա, քեդխուդա ու խմբապետ սաղ թողնի, սրբելու ա, սրբելու...

Կիկոսի գուխը, որ էս տեսակ բարակ բաներից չէր հասկանում, շուտով քնի գիրկն ընկավ։

Լույսը դեռ չբացված, Կիկոսը վեր թռավ մի սարսափելի դղրդոցից, կասես թե մինը նրա ականջին մի պինդ սիլլա ծեփեց։

Կռիվն սկսվել էր։

VI

Կիկոսը կռիվն իմացել էր, չէր տեսել։ Էս ու էն սարի ծերից թնդանոթները որոտում էին, կարծես ամպերն իրար հետ կոխ էին բռնել երկնքում ու դղրդոցից սար ու ձոր շարժում, իսկ դիրքի վրա գնդակներն էնպես էին վզզում, որ Կիկոսին թվաց, թե ինքը մի հսկա մեղվանոց է ընկել, ու էդ մեղվանոցն ընկած արջի պես, չէր իմանում գլուխը որ անկյունը կոխի, որ ազատվի։

Կռիվը քանի գնում սաստկանում էր։ Կիկոսը մի անկյունում ոզնու նման փշքաղել ու կուչ եկած տազ էր արել, նա շշմել էր ու կասես գլխումը հարսանիք էր դրմբում։ Նա էնպես էր ապուշ կտրել, որ եթե էդ րոպեին մեկը նրա անունը հարցներ, նա դժվար թե կարողանար հիշել իր անունը։

Նա էնպես էր քարացել, անզգա դարձել, որ մինչև անգամ չնկատեց, թե ինչպես դիրքում կռվող տղաների մի մասը փախավ, իսկ մյուս մասը հրացանները բարձրացրեց և «ուռա» տալով անցավ հակառակ կողմը։

Դիրքը դատարկվեց։

Կռիվն էլ առաջվա պես սաստիկ չէր։ Լսվում էին հատուկենտ տրաքոցներ։

Կիկոսի գլուխն այժմ վարար ու հանդարտ հոսող գետի պես թշշում էր, երբ գլխի վերևը մի պոպոզավոր մարդ կանգնեց, հրացանը դեմ արավ դոշին ու ինչ-որ բան ասաց,