— Ուզո՞ւմ ես քեզ քո տունն ուղարկենք։
— Ոնց որ կհրամայես, աղա ջան, քու ղուլն եմ։
— Չէ՛, բանն էդպես չի. քո կամքն է. կուզես գնա, կուզես էստեղ կաց։
Կիկոսը երկընտրանքի մեջ ընկավ։ Ո՞րն էր լավ. գնալը թե՞ մնալը. չէր կարողանում վճռել։
— Էն խմբապետ աղեն թե մեր գեղումն ա, հա՜... Լավն էն ա էստեղ մնամ. թե ինձ կպահեք, թե ես մի բանի պետք կգամ,— վերջապես վճռեց Կիկոսն ու մեծավորին ասաց, գլուխը կախ սպասելով պատասխանի։
— Լավ, մնա այստեղ, միայն մի պայման կա, որ ամենքին պետք է ընկեր ասես. մոռացիր աղեն ու խազեինը:
— Ոնց որ կհրամայես, աղա ջան, էնպես էլ կանեմ։
— Ի՛նձ էլ պետք է ընկեր ասես, ի՛նձ էլ։
— Լավ ես հրամայում, աղա-ընկեր ջան, համա մի բանեմ խնդրում, թե կարելի ա...
— Ի՞նչ է։
— Ես պարապ որ մնամ, կհիվանդանամ, ինձ մի բանի դրեք, որ հլե կերած հացիս հախն էլա դուրս գա։
Ոնց որ երևաց, մեծավորին շատ դուր եկավ, նա ծիծաղելով ասաց.
— Ի՞նչ ես ուզում։
— Եսի՛մ, մի բան, էլի՛... Ա՛յ, թե որ էշս կարաք ինձ հասցնեք, ես իմ էշովն էս սաղ ղոշունին կերակուր եփելու համար փետ կկրեմ. էս հանդերին ես լավ վալադ եմ։
— Լա՛վ, ընկեր Կիրակոս, գնա էն կերակուր եփողի մոտ. կկարգադրեմ, որ քեզ մի էշ տան։
Կիկոսն ուրախ հեռացավ մեծավորի մոտից։ Նրան մի էշ տվին, որ առաջն արած քշեց դեպի մոտակա քոլուտը՝ չոր փայտ բերելու:
Կիկոսը երեք օր փայտ էր կրում։ Գիշերում էր մոտիկ թուրքի գյուղում և իրեն շատ լավ էր զգում։ Նրա բախտից կերակուր եփող Իվանը մի լավ տղա էր, որ ազատ ժամերին նրա հետ ձեռով-ոտով զրից էր անում։ Կիկոսն արդեն մի քիչ «ռուսերեն» էր սովորել։ Նա գիտեր, որ ռուսներին պետք է «տավարիշչ» ասի, կերակուրին — «բորշ», հացին —