«խլեբ», բարի լույսին — «զդրաստի», նստելուն — «սադիս», կանգնելուն — «ստոյ»:
Բայց ամենից հետաքրքիր բանը, որ կատարվեց նրա հետ, դա այն էր, որ Կիկոսին էլ պոպոզավոր շինեցին ու մի սալդաթի շինել էլ հագցրին, որ չմրսի:
Կիկոսին ոչ ոք չէր նեղացնում, երբ ուզում էր փայտ էր բերում, երբ ուզում էր՝ քնում էր, երբ ուզում էր՝ ուտում էր. մի խոսքով՝ գլուխը կարգին պահում էր և իսկի չէր էլ մտածում, թե ինքը տան տեր է, տունը որևէ հոգս կամ ցավ կունենա, կինը կարող է սգալ իր անհետացած մարդու կորուստը, և նման բաներ... Մեկ-մեկ էլ թե միտն էր ընկնում իր էշը, նա մոտենում, նոր էշի մեջքը սղալում էր ու կարոտն առնում։
«Կիկոսի բանն ա դժար, թե չէ տա՞նն ինչ կա. ոնց ըլի յոլա կգնան, հո չե՞ն կոտորվելու. հենց գիտենանք մեռել եմ։ Տանիցը մի Կիկոս պակսելով տունը հո չի՞ քանդվի...» — մտածում էր ինքն իրեն։ Ու Կիկոսն էնպես էր սովորել նոր նիստ ու կացին, որ կարծես ծնված օրից զորքի համար կերակուր եփելու փայտ կրող լիներ։
Բայց մի օր էլ... Մի օր էլ, երբ փայտն իշին բարձած անտառից վերադառնում էր շվշվացնելով, հեռվից տեսավ, թե ինչպես դիրքերումն էլ պոպոզավոր չի մնացել. թե ուր են քաշվել, չգիտեր։ Թեև առավոտը փայտի գնալիս Իվանն ասաց, ձեռով-ոտով հասկացրեց, որ էդ օրը կռիվ է լինելու, բայց Կիկոսի համար դա միևնույն էր, քանի որ նա սովոր էր էդ բանին, գիտեր, թե ինչպես կռիվն ամեն օր էլ լինում է, բայց պոպոզավորներն իսկի տեղերիցը ժաժ չեն գալի։ Իսկ ո՞ւր են գնացել... Կիկոսն էնպես մտամոլոր կանգնել էր, երբ նկատեց, որ էշը հեռացել է ու սովորականի պես ծռվել էն կողմը, ուր գտնվում էր Իվանի շարժական օջախը։ Նա մի քիչ քայլերն արագացրեց բղավելով.
— Կոկը՜շ, թոկը՜շ, քու տերը մեռնի ոչ. թամամ որ էշ ես, տենում չե՞ս, Իվանն ըտեղ չի, ի՞նչ ես դուդեդ տափին դրած, լոշերդ կախ արած գնում...
Իսկ էշը փոխանակ կանգ առնելու, վազքն ավելի արագացրեց, որ շուտ տեղ հասնի ու ծանր բեռիցն ազատվի։