Բայց ինչ կարող էր անել, ընկել էր՝ պետք է քաշեր. թուրքական առածն ասում է՝ «դյուշան աղլամազ»[1]։
Խավար գիշեր էր. էնքան խավար, որ եթե մատդ կողքիդ կանգնածի աչքը կոխեիր, չէր տեսնի։ Խավարը հո խավար էր, մառախուղն էլ ճանկերը թաղել էր գետնին և տափիցը կպել։ Քոռեքոռ գալով, պշպոշի տալով տեղ հասան կամ, ինչպես տղերքն էին ասում, հասան «շտաբի դուռը»։
Դռան պահապան զինվորը ուղեկից պահակից իմանալով եկողների ով լինելը, դուռը բաց արավ ու ներս թողեց, իհարկե, Կիկոսի էշը կապելով բակի ծառից. թեև Կիկոսը խնդրեց, որ էշն էլ ներս թողնեն, բայց ծիծաղից զատ ուրիշ պատասխան չստացավ։
Կիկոսը զարմացավ, երբ նկատեց, որ խմբապետի փոխարեն նստած էր մի ջահել ափիցար, զառից կտրած պլպլան ուսադիրներով, թրով, կոկարդով, չեքմաներով... մի խոսքով՝ իսկական ռուս թագավորի ժամանակի ափիցար։
«Հալբաթ թագավորն էլ ետ թախտին նստել ա», միտք արավ Կիկոսը ու մի քիչ սրտապնդեց, որ խմբապետը չկա, որ թերևս ափիցար աղեն իրեն կլսի ու կհասկանա բանի էությունը, բայց ափիցար աղեն հենց որ նկատեց Կիկոսի պոպոզը, մյուսներին դուրս ուղարկեց ու վրա թռավ Կիկոսին.
— Դու էն գերի ընկած բոլշևիկն ես, հա՞...
Կիկոսը չիմացավ ինչ պատասխանի։
— Մոտ արի, մո՛տ,— վրդովված գոչեց սպան ու ծխախոտը վառելով, սենյակի կիսախավարի մեջ սկսեց անցուդարձ անել։
Կիկոսը մոտեցավ գրասեղանին, որի վրա թղթեր էին թափթփված, մի ծայրին էլ փոքրիկ լամպ, որի ապակու փորը թղթով կարկատած էր, իսկ ծայրը մրոտ, լույսն էլ... տերն ինքը լույս համարի, պատրույգի խանձված պռոշի մի ծայրի կարմրավուն բոցը բարձրացել էր, հասել թղթի կարկատանին ու թուղթը մրկել, մյուս ծայրն էլ կասես լամպի փորն էր ընկել ու ճիգ էր անում դուրս գալ էդ նեղ տեղից՝ երբեմն «տըտ, տըտ» ձայն արձակելով։
- ↑ Ընկնողը լաց չի լինի: