— Լսի՛ր,—դարձավ ափիցար աղեն նորից Կիկոսին,—միևնույն է դու մեր ձեռքից չես ազատվի, ավելի լավ է ասես՝ ո՞վ ես դու, որտեղի՞ց ես, ինչո՞վ ես պարապել մինչև բալշևիկ դառնալդ և ինչպե՞ս ես գերի ընկել մերոնց ձեռքը։ Իմացա՞ր...
— Ոնց չէ, իմացա, հընգեր աղա ջան...
— Ընկե՞ր... — պոռթկաց ափիցար աղեն,– ես քեզ ընկեր ցույց կտամ, համարձակվիր մեկ էլ կրկնել այդ լիրբ բառը, տես քեզ ինչ կանեմ...
Կիկոսը թամամ կրակն էր ընկել, անհուր կրակը, ո՞նց ասեր, ինչպե՞ս հասկացներ, որ ինքը մի անմեղ մարդ է, ո՞նց ասեր, որ աղի ասածը չի հասկանում։ Նա հազար ռանգ փոխվեց էն երկյուղից, թե իրեն գնդակահարելու են, ու հանգամանքից օգտվելով, որ աղեն սենյակում բոլթա է տալիս՝ գրագրի ականջին թե.
— Աղին ասա, որ ես էս գյուղացի եմ, ինձ Կիկոս են ասում, ասածը հասկանում չեմ, թող մի դիլբանդ[1] կանչի մեր գեղից, ինչ որ ուզի՝ դիփ կպատմեմ։
Գրագիրը հայտնեց ափիցար աղին, ու կեսգիշերին մարդ ուղարկեցին նախկին քյոխվի ետևից, որը մի քանի րոպեից ներս մտավ։
— Պարոն Սարիբեգ, ճանաչում ե՞ք այս մարդուն,—հարցրեց ափիցար աղեն նախկին տանուտերին։
Քյոխվա Սարիբեգը, որին քնահարամ էին արել, քունը դեռ գլուխը, անակնկալի հանդիպած՝ աչքերը տրորեց ու կիսախավարում պոպոզավորին նկատեց։ Վախենալով՝ մի գուցե իրեն էլ մեղադրեն մի վատ գործի մեջ, մանավանդ որ սպան գալուց անմիջապես նրան հեռացրել էր իր պաշտոնից, առանց լավ դիտելու՝ պատասխանեց.
— Չէ՛, պարոն ափիցար, ես էս մարդուն առաջին անգամն եմ տեսնում, չեմ ճանաչում։
— Հապա ասում ես, որ էս գյուղիցն ե՞ս.— զայրացավ ափիցար աղեն Կիկոսի վրա ու ոտը գետնին խփեց։
— Ղորթ եմ ասում, աղա ջան, իմ հոր գերեզմանը վկա, որ ես էս ցեղիցն եմ, ինքս էլ Կիկոսը, բա քյոխվա ջան,
- ↑ Թարգմանիչ։