Այս էջը հաստատված է

ես էլ գնացի ու ճանաչեցի, բայց ինձ էլ Կիկոսի հետ բռնեց ու առաջն արավ։ Էս տղերքն էլ, որ մեր գեղիցն են, որը պատահեց ու մեզ բարով տվեց, սրանց էլ բռնեցին ու առաջ արին։ Ի՞նչ բալշևիկ, ի՞նչ բան. Կիկոսն էլ բալշևիկ կըլի՞...— պատասխանեց Ունանն ու նայեց իր ընկերներին, որոնք գլխի շարժումով զարմանքի նշան արտահայտեցին սպայի հարցի ու Կիկոսի բալշևիկության վրա։

— Իսկ ձեզնից ոչ ոք չգիտի՞, թե Կիկոսն ինչպես է փախել ու անցել բալշևիկների կողմը։

— Էն վախտը ես պազիցըմն ի, մի քիչ գիդամ,— ասաց Մինասը, որը Կիկոսի հարևանն էր։

Սպան Ունանին թողեց ու հարցուփորձ արավ Մինասին, որը պատմեց ամեն մանրամասնություն, թե ինչպես «խումբերը» չէին իմացել, թե Կիկոսը «աչքերի ինվալիդ ա», կռիվ էին ուղարկել, և թե ինչպես իրենք դիրքերը թողնելու ժամանակ Կիկոսին մոռացել էին այնտեղ։ «Մենք հենց գիդայինք,— ավելացրեց Մինասը,— թե բալշևիկնին նրան սպանած կըլեն, համա ոնց որ տեսնում ես, հրեդ սաղ ա...»։

Սպան այս ամենը լսեց, հետո տղաներին ազատ արձակեց, իսկ ինքը դառնալով գրագրին պատվիրեց, որ գրի առնի այն ամենը, ինչ ինքը կթելադրի։ Միաժամանակ նա կանչեց ձերբակալող զինվորին և մանրամասն հարցուփորձ արեց։

***

Քյոխվա Սարիբեգը, որ սիրտը դող տուն էր հասել, անկողին մտնելով՝ չկարողացավ քնել, կասես թե կրակի շեղջի մեջ պառկած լիներ։ Կինը, որ չէր հասկանում մարդու անհանգստության պատճառը, մեկ ուզեց հարցնի, մեկ էլ՝ վախենալով, թե քյոխվա Սարիբեգը կարող է բարկությունն իր վրա թափել՝ կողերը ջարդելով, լռեց։ Միայն առավոտը, դեռ լույսը չբացված՝ մարդը երբ թռավ տեղիցը ու դուրս վազեց, կինը համարձակությունը հավաքելով՝ ետևից կանչեց.

— Այ մարդ, մի թիքա հաց էլա կուտեիր...

— Հաց չէ աստծու կրակ ուտեմ, հրես որ Կիկոսի տեղ ինձ կախ կանեն, հացը նոր կիմանաս ինչ բան ա...

Քյոխվա Սարիբեգի կինը մնաց սառած, դռան շեմքին կանգնած, չհասկանալով ինչումն է բանը։