Թազագյուլը ճռռալով դուռը բաց արավ ու էնպես ներս ընկավ, կարծես ավազակների հալածանքից փախչելիս լիներ։ Էլ «բարիլույսը» մոռացած՝ վրա թռավ դեպի գետնին փռած անկողիններն ու կիսախավար տան մեջ ճչաց.
— Ունան ջա՜ն, արևի՛դ մեռնեմ, ախպեր ջա՜ն, ո՞րտեղ ես, ինչ խաբար ունես քո սևատար փեսիցը...
Տանեցիք թառժաժ ելան, երեխեքը վեր թռան ու աչքերը չռած, վախից կուչ եկան, իսկ Ունանը, որ խոր քնի մեջ էր, կամաց ճրրաց ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Ունանի կինը մոտեցավ Թազագյուլին, թևիցը բռնեց ու կամաց ականջին փսփսաց.
— Ախպերդ մի սհաթ ըլիլ չի, ինչ տուն եկավ, թող մի քիչ քնի քունն առնի խի՞, մարդդ տուն չի եկե՞լ. բա ախպերդ ասեց, թե գտել ա...
— Գտել ա՞, սաղ ա գտել, թե՞ մեռած... վա՜յ Ունան ջան, վեր կաց քվորդ թաղի փեսիդ հետ, ո՞րդի ես գտել նրա մեյիդը[1]...
Ու Թազագյուլը վրա թռավ եղբոր անկողնին և Ունանի գլուխը վեր քաշեց։
Ունանը քնահարամ, երազ տեսնողի պես, աչքերը հազիվ բաց արավ ու նկատելով սուգ անող քրոջը՝ չհասկացավ բանի էությունը։
— Ասա՛, է՜, ասա՛, այ գետն ու ջուրը ինձ տանի, մի տուն եթիմի տեր մնացի. էն թառլան Կիկոսին ո՞րդի թաղեցիր... սև ըլի իմ օրը ինչ սևացավ... — ու լալահառաչ սկսեց ողբալ Թազագյուլը։
— Վա՜յ իմ հալիս, մարդիս գլուխը կտրեցին ... Վա՜յ իմ օրին... – ձեն տվեց քյոխվա Սարիբեգի կինը, և մի ողբ էլ նա սկսեց, ձայնը միացնելով Թազագյուլի ձայնին...
Տունը կարծես մեռլատուն լիներ. սրանց ձայնին միացան և երեխաները, որոնք առանց հասկանալու, իրանք էլ սկսեցին լաց ու կականը։
Ունանը վրա նստեց անկողնում ու վրդովված ասաց.
— Ձեններդ կտրեցեք, բայղուշ չե՛ք հու, էս լիսածեգին ի՞նչ եք զռզռոցը գցել... Քեզ չեմ ասում, է՜յ, քիրա՜, մարդ
- ↑ Դիակը։