թալ կորչեն գնան, մենք մեր ճամփեն մասլահաթով բաց կանենք, կռվից զահլեքս գնաց...
— Փռոնտը բերել են դռան շեմքը կոխել, գլուխդ հանում ես թե չէ՝ գյուլլեն ճակատիդ ա կպչում։
— Ջուխտ-ջուխտ տղերքս գյուլլախորով ելան, տանս դուռ բաց անող չկա... — ճչում ու մազերը փետում էր մի պառավ կնիկ։
Աղմուկն ու իրարանցումը քանի գնում մեծանում էր. ամբոխը գրգռված պահանջում էր, որ պահակ զինվորը դուրս կանչի սպային, Ունանն ուզում էր, որ զոռով ներս մտնի, բայց զինվորը նրան ետ էր հրում և արգելում առաջ անցնել։
— Ունանին թո՜ղ, Ունանին թո՛ղ ներս մտնի, դուրս կանչի ափիցարին,— գոչում էր գրգռված ամբոխը։
Ունանը տեսավ՝ խաթրով ու խոսքով բան չի դուրս գալի, պահակ զինվորին դեն հրեց ու կատաղած ներս ընկավ և, նկատելով սպային ու քյոխվա Սարիբեգին իրար կողքի նստած առանց Կիկոսի, գոռաց.
— Ո՞րտեղ ա Կիկոսը, ի՞նչ եք արել նրան, էս սահաթին ասեցեք, թե չէ էս շտաբը հրես տակնուվրա կանեմ։
Քյոխվա Սարիբեգը նկատելով, որ բանը կարող է վատ վերջանալ, սպային խորհուրդ տվեց դուրս գալ, և խաղաղացնել բորբոքված խալխին։
Սպան սփրթնեց, վեր թռավ, ատրճանակն ու թուրը կապեց և քյոխվա Սարիբեգի հետ միասին ուզեց դուրս գալ, Ունանն առաջը կտրեց։
— Քեզնից Կիկո՛ս եմ ուզում, Կիկո՛ս, ջուղաբ տուր, եննա դուրս արի։ Սպանել ե՞ս, թե ի՞նչ ես արել...
Սպան ուզեց հարձակվել Ունանի վրա, բայց քյոխվա Սարիբեգը միջամտեց.
— Պարոն ափիցար, մեր խալխի խասյաթը փիս ա, կտան մի վատ բան կանեն, տես՝ դուրսը ինչ մեծ ղալմաղալ ա... Մի քիչ քեզ հավաքի, խալխի հետ հանաք անել չի ըլիլ, ամենքի ջիգյարն էլ դաղված ա...
Սպան կարծես ուշքի եկավ ու կանչելով գրագրին պատվիրեց, որ դուրս գա, Կիկոսին բերել տա. բայց գրագիրը գլուխը դուրս հանեց թե չէ՝ ամբոխը մի խելագար գոռում–գոչումով աղաղակեց.