Այս էջը հաստատված է

— Ափիցա՛րը թող դուրս գա, ափիցա՛րը, ի՞նչ ջուղաբ ա տալի խալխին, կռիվը ե՞րբ ա վերջացնում, ճամփեքը ե՞րբ ա բաց անում...

Գրագիրը շփոթված նորից ներս մտավ։

Դրությունը քանի գնում լրջանում էր. բավական էր, որ մեկը գոչեր՝ «տվեք», սաղ տունը օդը կցնդեցնեին։

— Բա որ քեզ ասում եմ, թե խալխի փիս վախտն ա, չես հավատում, պարոն ափիցար. տես թե իսկի մարդու ականջ են կախո՞ւմ... — ապա դառնալով Ունանին՝ ասաց։—Արա՛, Ունա՛ն, դուրս արի, հրեն Սիսականց գոմումն ա Կիկոսը, հանի, բեր, բալքի էդ խալխը հանդարտվի, թե չէ մի Կիկոսի խաթրու էս գեղումն արինհեղություն կպատահի։ Դու էլ, պարոն ափիցար, էստեղ կաց, մինչև խալխը մի քիչ հանդարտվի, հետո դուրս կգաս, երբ որ ես կասեմ։ Դուրս գամ, էլի ես հին քյոխվան եմ, ինձ բան չեն անիլ։

Ունանը հազիվ ճեղքեց ամբոխն ու վազեց դեպի Սիսականց գոմը, որին հետևեցին մի քանի հոգի, իսկ քյոխվա Սարիբեգը դիմացը ելավ թե չէ՝ աղմուկն էլի սաստկացավ.

— Էս դիփ քա սարքած բաներն ա, հա՞... քյոխվա Սարիբեգ,— ճչաց մի երիտասարդ...

— Ի՞նչն ա իմ սարքածը, ի՜նչը, ի՞նչ ա պատահել, ո՞ւր եք հավաքվել...

— Դու շատ լավ ես գիտում, թե ինչն ա քու սարքածը, էլ ի՞նչ պատահի, պատահածը քի՞չ ա. հիմի էլ թազա պլան եք քաշում, որ սաղ գեղը սրի քաշե՞ք...

— Սարսաղ-մարսաղ դուրս մի տալ, շաշ. մի սուս կացեք ու բան հասկացեք, ո՞վ ա քեզ սրի քաշողը։

— Չե՛նք ուզում, չե՛նք ուզում... — բարձրացավ մի աղմուկ։

— Ի՞նչը չեք ուզում, ի՞նչը, ա խալխ, հո գժվե՞լ չեք,—ձայնը բարձրացնելով գոռաց քյոխվա Սարիբեգը.– երեկ մեր զորքը հաղթել ա. կռիվը տարել ենք, դուք հավաքվել եք, թե չենք ուզում, ի՞նչը չեք ուզում...

— Կռի′վը, կռիվը չենք ուզում, թող քաշվեն գնան էստեղից, թող ռուսը գա. էդ ղայդի հայեր մեզ պետք չեն, էդ ղայդի հայի թագավոր չենք ուզում։ Նիկալային հո դրանց համա՞ր չենք թախտիցը վեր գցել։