գցես, Կիկոսի տեղ ում որ կուզես ուղարկենք, մենք դիփս կգնանք...
Սպան տեսնելով, որ ոչ մի բան օգուտ չի անում, իսկ բոլշևիկների գովքը քանի գնում տարածվում է գյուղում, մտածեց Կիկոսին չեզոքացնելու համար կանչել իր մոտ և այլևս դուրս չթողնել, բայց երբ այն զինվորը, որն ուղարկվեց Կիկոսի ետևից, թե նրան բերի շտաբը, իբր պրիտակոլը ստորագրելու համար, մոտեցավ Կիկոսենց տան դռանը հավաքված ամբոխին ու հայտնեց իր գալու նպատակը, ամենքը ծաղրով պատասխանեցին, իսկ Ունանը բարկացավ զինվորի վրա՝ ասելով.
— Կիկոսն անգրագետ ա, թող պրիտակոլն ինքը, ափիցար աղեն ստորագրի ու վասն անգրագիտության անի։
Էս խոսքի վրա խալխը հռհռաց, իսկ զինվորը քոռ-փոշման ետ դարձավ շտաբը, որից հետո ափիցար աղեն՝ շտաբից մի տասը զինվոր վերցրած՝ գնաց, Կիկոսի տունը շրջապատեց, ամբոխը ցրեց ու Կիկոսի դռան մոտ երկու զինվոր կանգնեցրեց՝ պատվիրելով, որ ոչ մի կողմնակի մարդու ներս չթողնի Կիկոսի հետ խոսելու, հայտարարելով, թե «Կիկոսը տնային բանտարկության է ենթարկված»։
Իհարկե, սրան հետևեցին դժգոհություններ, անեծքներ, հայհոյանքներ և այլն, բայց սպան իր ուզածն արեց և Կիկոսին տնային բանտարկության ենթարկելով, «գյուղն ազատեց բոլշևիկյան այլասերման վտանգից», ինչպես ինքը գրեց այդ մասին կառավարությանն ուղարկած իր զեկուցման մեջ։ Այս ամենը կատարվեց աոաջին օրը:
Երկրորդ օրը սպան աշխատեց ամեն կերպ գյուղացիներին հավաքել Կիկոսի գլխարկի շուրջը ու ճառել, բայց մեծերից ոչ ոք չեկավ, ոչ մի զանգահարություն և գյուղի «սուրհանդակ» գզրի գոռգոռոցն օգուտ չարավ։ Գյուղացիք շըջապատել էին Կիկոսի տունը և պահանջում էին, որ ափիցարը Կիկոսին ազատ արձակի։ Նրանք ավելի հետաքրքրությամբ կուզեին լսել Կիկոսին, քան ափիցարին, որի ասածներին այլևս հավատացող չկար։ Սպան ամեն կերպ ուզում էր գրգռել ամբոխին ու ոգևորել կռվի գաղափարներով՝ ասելով, թե թուրքերն են հարձակվողը, մինչդեռ Կիկոսը միանգամայն ժխտում էր՝ պնդելով, որ զորքի մեջ մի