Աչքերդ բարի տենա ինչ իմն էր: Մի ռսի փռան սոմի էլ կտրեց, կեսն ինձ տվեց։ Սոված Կիկոս՝ տաք-տաք բորշ ու փափակ թթվաշ հաց...
— Կիկո՛ս, սուտ չխառնես, հա՞... Ասում են բալշևիկնին սոված ու տկլոր են, սոմի հացը նրանց ո՞վ ա տվել,— միջամտեց քյոխվա Սարիբեգը:
— Սուտը շան փեշակն ա, խի՞ եմ սուտ ասում որ... հացս կերա պրծա թե չէ՝ էն նրանց պղնձի ամանը, կատիլոկ ա, ինչ ա, չայով լցրեց ու տոպրակիցը մի կտոր շաքար հանեց, թե՝ առ խմի։
— Հմի՛ որ սուտդ բռնվեց, Կիկոս. շաքարը էս քանի տարի ա վերացել ա, երազ դառել, հիվանդի համար էլ չի ճարվում։ Իվանին ո՞վ էր շաքար տվել,— նորից միջամտեց քյոխվա Սարիբեգը։
— Էդ մեզ համար ա վերացել, բալշևիկնին շաքար շատ ունեն, թե հավատում չես, հրես կգան, կտենաս։
Գյուղացիք ծիծաղեցին էս բանի վրա, իսկ Կիկոսը ոգևորված ուզեց շարունակի իր պատմությունը, երբ գյուղի գլխի սարի ծերիցը մի հավար տվող, հրացանը կրակելով, գոռաց.
— Եկա՛ն, էհե՜յ... Եկա՜ն... ներքին շենը վե՛ կալա՜ն...
Ինչպես որ թնդանոթի ռումբը պայթի ու հողը ցաքուցրիվ տա, էնպես էլ էս հավարը ռումբի նման պայթեց խալխի մեջ ու ցրիվ տվեց։ Որը դիմացի սարը բարձրացավ, որը ձին նստեց ու սկսեց գյուղամիջում ջիրիդ խաղալ, ինքն էլ չիմանալով, թե դեպի ո՛ր կողքը քշի, որն էլ բղավում-ճղավում էր ու աղմուկն ավելի սաստկացնում։ Մի դժվժոց էր ընկել, մի դժվժոց, որ ինչպես երկրաշարժի ժամանակ մարդիկ չեն իմանում ինչ անեն, ու տանը մնացածները դուրս են թռչում, իսկ դրսինները դեպի տուն վազում, էդպես էլ գնդակի արագությամբ մարդիկ գյուղի ծուռումուռ փողոցներով վազվզում էին՝ երբեմն էս կամ էն աղբակույտի կամ փեյինի մեջ թրմփալով։
Կիկոսն էր մենակ նստել գերեզմանաքարի վրա, միանգամայն անտարբեր. կարծես նրան էդ քարիցն էին կպցրել ու անիծել, որ չշարժվի տեղիցը, երբ կինը ճչալով, ու