ծնկները թակելով վրա հասավ, բռնեց Կիկոսի թևից ու թափ տալով գոչեց.
— Ա գլխամեռ, ի՞նչ ես տեղդ քար կտրել, մնացել, վեր կաց է, կեր կաց. հրեն տերտերը բարգ ու բարխանեն հավաքած, փախչում ա, քյոխվա Սարիբեգն էլ ձի նստեց ու կորավ, վեր կաց տենանք` մենք ուր ենք կորչում, է՜...
— Ո՞ւր պիտի փախչենք, կնիկ. մեր տունը թողած հու քարեքար, սարեսար չե՞նք ընկնի...
— Ա՜յ քարեքար, սարեսար գա էդ գլուխդ, բալքի ումուդս կտրի, պրծնեմ, որ էլ չասեն, թե մարդ ունեմ։ Որ գան թալանեն՝ դատարկ տան սներն ես կրծելո՞ւ...
— Սարսաղ-մարսաղ դուրս մի տալ, կնիկ, ինչ թալան, ինչ զադ։ Ի՞նչս պըտի թալանեն, մի կով կար, էն էլ «խումբը» մորթեց։ Երնակ շուտ գան, մի Իվանին տեսնամ, նրանք թալան անող ե՞ն...
Մինչ մարդ ու կնիկ վեճի էին բռնվել, գյուղի ծայրին երևացին փախչող զորքի խուճապի մատնված ձիավորները և հրացաններն օդում կրակելով թափվեցին գյուղ, համարյա ձիերի պոչիցը կախ արած շներով, որոնք ամեն կերպ հալածում էին ձիերին, աշխատելով նրանց ազդրերը կծոտել։
Շուտով շտաբի դուռը կոտրեցին, սպային դուրս բերին, որն անմիջապես իր ձին հեծավ ու փախուստի դիմեց։
Սպայի հետ եկած զինվորները մարդկանց զոռով առաջ էին անում, որ գյուղից դուրս անեն, հետները փախցնեն տանեն. ինչ ապրանք էր ձեռներն ընկնում, քշում էին, իսկ ով որ չէր համաձայնում գյուղը թողնել, ծեծում էին ամենաանխիղճ ձևով ու գազազած գոռում.
— Ձեր բոլորիդ պետք է սրի քաշել, դավաճան սրիկաներ, դուք ամենքդ բալշևիկներ եք...
Մի խոսքով, այնպիսի թալան ու ծեծ էր ընկել գյուղը, որ շատերը հենց էին իմանում, թե եկող «թշնամին» հենց սրանք են, որ կան։
Էս զինվորների կատաղությունն էլ ուներ իրեն պատճառը։ Առաջինը՝ որ նրանք չէին կարողացել մի ուրիշ գյուղ էլ մտնեն, որ թալան անեն, ու թալանն էստեղ էին անում, երկրորդն էլ այն, որ վճռական րոպեին գյուղերից հավաքած պահեստի զինվորները դիրքերում խլրտում էին գցել