Բոլորովին ճերմակ մորուքավորներից զատ, միջին տարիքով մարդ գյուղում մնացել էին Կիկոսը, մեկ էլ նրա նման մարդիկ. մի աչքը քոռ զուռնաչի Թևոսը, նրա դհոլչի կաղ Սեփոն, երկու ոտից թոփալ դալլաք Մոսին, որին գյուղացիք «շահանոց» էին կանչում, մեջքը կոտրած մղդսի Սիմոնը, որին «և ընդ հոգույդ քում» էին ասում, մի ձեռը թիլ ժամկոչ Եփրեմը, որին «և ևս» էին մկրտել, սատանաներ հալածող ջինդար Սողոմոնը, որին «սա պահեսցե» էին կոչում, որովհետև աջ ձեռքի բութ մատը և ցուցամատի ծայրերը շարունակ իրար էր քսում և լքլքում։ Մի խոսքով՝ էն տեսակ մարդիկ, որոնք ո՛չ տանն էին բանի պետք, ո՛չ դուրսը, թեև խոսելու մեջ փիլիսոփաներ էին, ճարտասան, ամենքին խելք սովորեցնող, խորհուրդներ տվող, բայց հենց որ բանը գար գործի՝ «մկան ծակին օխտը թուման տվող», մկան չափ սուր հոտառությամբ և նապաստակի չափ վախկոտ։
Բանն այն է, որ գյուղը սրանց էր մնացել, բայց սրանք էլ վախենում էին, թե տեր կենան։ Էս տեսակ անորոշ դրության մեջ էին մանավանդ ջահելները, որոնք ուզում էին մի բան էլա արած լինեն, երբ մեկ էլ տեսան՝ Կիկոսի կնիկը նրա թևիցը պինդ բռնած քարշ էր տալիս դեպի տուն, աշխարհիս երեսին դեռ չլսված հայհոյանքներ տալով։ Ջահելներից մինը, թե՝
— Տղերք, եկեք էս Կիկոսին առաջներս գցենք ու գնանք եկող զորքի դեմը...
— Ա՜յ լավ խելք... — վրա բերեց մի ուրիշը — թամամ որ գտել ես. Կիկոսը համ պոպոզավոր ա, համ էլ նրանց հետ ծանոթ...
Ասելն ու անելը մեկ եղավ։ Ջահելները շրջապատեցին Կիկոսին ու իր կնկանը։ Կիկոսին խլեցին գազազած կնկա ճանկերից ու առաջարկեցին, որ իրենց հետ միասին առաջ ընկնի դեպի եկողները՝ նրանց դիմավորելու համար, բայց Կիկոսը չհամաձայնեց։
— Ձեզ մատաղ, էդ իմ բանը չի, — թուքը կուլ տալով հազիվ պատասխանեց Կիկոսը,— ով գիդա թե կռիվն ոնց կվերջանա. էս փախչողնին մին էլ տեսար ետ եկան, էն վախտը գլուխս սոխի կնդի նման կթռցնեն...
Ջահելները պնդեցին իրենցը.