Այս էջը հաստատված է

Էդ կորած տղաներից մի քանիսին տարել էին պատերազմ, թե ո՞ր սահմանը՝ հայտնի չէր. մեռած էին, սպանված, թե գերի ընկած, ոչ ոք տեղեկություն չուներ. ինչ որ «թագավորին թախտից գցել էին», նամակի ղաթը կտրել էր ու տանեցոց աչքը ճամփին թողել։ Մի մասն էլ, որը պատերազմն սկսվելուց առաջ, որն էլ հետո, գնացել էին քաղաքներն աշխատանքի, որ կարկտից սովամահ եղող ընտանիքին մի կերպ հաց հասցնեն կամ կարողանան մի քանի սև գրոշ աշխատեն, որ պարտքից մի կերպ ազատվեն։ Ու էդպես գնացել էին ու գնացել, անհետ կորել, գոնե ղուշի թևով էլ է լուր չէին ուղարկում կամ քամու միջոցով ապսպրանք...

Հիմի էլ Կիկոսից իմացել էին, թե նա մի քանի հոգու տեսել է եկող զորքի մեջ, ու հույսերը կապել էին նրա ասածին, թեև շատ հաճախ հոգոց քաշելով իրար ասում էին հուսահատ ձայնով. «Վայ մեզ, որ մեր ումուդը Կիկոսն ա մնացել...» և իսկույն իրենց սիրտ տալու համար, գովում, գովաբանում էին իրենց կտրիճ տղային ու մարդուն, ավելացնելով, որ նրանք «նալի ու մեխի ղաթումն էլ որ ըլեն, էլի դուրս կգան, իրենց կհասնեն...»։

Գիշերը ննջացող պառավի պես գլուխը թեքել էր ու ծանրացել։ Մարդիկ աչքերը կթել էին լիսաստղի դուրս գալուն, բայց նա կարծես «օխտը սարի ետևը պահված փերի լիներ», որ չէր ուզում իր պայծառ երեսը ցույց տալ։

Եվ եթե այդ կեսգիշերին սև խավարի և լռության մեջ մի ձայն հանող կար, ապա դա էլ գյուղի միջով հոսող առուն էր, որ ավելի շատ վշվշում էր, քան թե կարկաչում։

Մին էլ էս ահավոր լռության մեջ մի դոփյուն բարձրացավ, կարճ, արագ ու կտրուկ։ Շատերին թվաց, թե տան կտրովը երեխաների մի խումբ վազեց թմփթմփալով։

Ներքի թաղում մի ճչոց ու ծկլթոց բարձրացավ. կարծես ուրուրը վրա էր տվել թխսին ու ճուտերին: Երեխեքը մոր փեշերից քաշքշելով, երկյուղից աչքերը կկոցած, ցուցամատը բերանները դրած հեկեկում էին, չհամարձակվելով ձայները շատ բարձրացնել, իսկ մայրը մի ձեռքով պաշտպանվելով մտրակի հարվածներից, մյուս ձեռքով երեխաներին թևերի տակն էր առնում, որ լեղաճաք չլինեն։